Դեղին համարանշիների խնդիրը կրկին պարզաբանում են պատասխանատուները
18/03/2013 19:44

Դեղին համարանշիների խնդիրը կրկին պարզաբանում են պատասխանատուները

Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման բարեփոխումների ընթացքում, հաշվի առնելով կուտակված փորձը և բողոքները, ընդառաջելով ներկայացված բազմաթիվ առաջարկությունները, մշակվել են կանոնակարգային նոր մոտեցումներ՝ուղղված բացառապես վարորդների աշխատանքի դյուրացմանը, ադմինիստրատիվ-բյուրոկրատական միջամտությունների առավելագույն կրճատմանը, գրանցման, աշխատանքի և սպասարկման պայմանների բարելավմանը:

Մարտի 18-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատարված փոփոխությունները ներկայացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի»  տնօրեն Արմեն Եղիազարյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը տեղեկացրեց, որ փաթեթում ներառված փոփոխությունների համաձայն՝ հանվելու է դեղին հիմնագույնի համարանիշերի պահանջը, որը փոխարինվելու է ինքնակպչուն ներդիրներով:

Տաքսոմոտորային փոխադրումներ իրականացնողները դեղին հիմնագույնի համարանիշերի տրման համար այլևս չեն վճարի 17 000 դրամ. ժապավենները կտրամադրվեն անվճար։

Հանվել է նաև ամենօրյա բուժզննման և տեխզննման պահանջը, քանի որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն կրում էր ձևական բնույթ: Ներկայացված նախագծով ֆիզիկական անձանց ևս հնարավորություն է տրվում իրականացնել մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների ծառայություններ, որի արդյունքում նրանք հարկային մարմիններ հաշվետվություններ չեն ներկայացնի:

Կատարված փոփոխություններով՝ կբարելավվի և կպարզեցվի լիցենզիայի հատկացման գործընթացը. ներկայիս 30 օրվա փոխարեն լիցենզիա կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ֆիզիկական անձանց կողմից մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների իրականացման դեպքում առաջարկվում է միավորել հարկը և պետական տուրքը: Գոյություն ունի վճարման երեք տարբերակ. ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման համար Երևան քաղաքում ամսական՝ 12 հազար, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար և տարեկան՝ 120 հազար դրամ:

Ա. Ավետիսյանը նշեց, որ տաքսիների հաշվիչները տարին մեկ անգամ պարտադիր պետք է ենթարկվեն ստուգաչափման, իսկ ուղևորը պետք է հստակ իմանա, թե մատուցված ծառայության դիմաց ինչքան գումար է վճարելու:

Ասուլիսին ներկա Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Տոնոյանը ևս կարևորեց դեղին պետհամարանիշերի փոփոխությունը՝ նշելով, որ նախկինում քաղաքացիները լուրջ խնդիրներ էին ունենում ոչ միայն ֆինանսական, այլև բյուրոկրատական տեսանկյունից:

Դեղին համարանշիների խնդիրը կրկին պարզաբանում են պատասխանատուները