.jpg)
ԱՄՆ-ն արդարացրեց Ասադին. Կառավարական ուժերը քիմիական զենքի չեն կիրառել
ԱՄՆ զինվորականներն ընդունել են, որ Սիրիայի իշխանությունները Հալեպի մարզում քիմիական զենք չեն կիրառել, իսկ ընդդիմության մասնակցության հարցը ԱՄՆ հետախուզությունը դեռ չի հաստատել: ՄԱԿ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ սկսում է Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման պաշտոնական հետաքննությունը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
«ԱՄՆ հետախուզական ծառայության աշխատակիցների անցկացրած նախնական ստուգումները Սիրիայի բանակի կողմից մարտի 19-ին Հալեպի մարզի Խան Ալ-Ասալ բնակավայրում քիմիական զենք կիրառելու փաստեր չեն հայտնաբերել»,- ասել է աղբյուրը՝ միաժամանակ չհաստատելով այն, որ միջադեպի հետ կարող է կապված լինի ընդդիմությունը:
CNN-ի՝ զինվորական և դիվանագիտական շրջանակներում ունեցած աղբյուրների խոսքով, քիմիական զենքի կիրառման մասին չեն կարող վկայել սիրիական հեռուսատեսությամբ ցուցադրվող կադրերը, որոնցում պատկերված են տուժածները: CNN-ի զրուցակիցն ասել է, որ հնարավոր է՝ մարդիկ տուժել են ինչ-որ թունավոր նյութից, օրինակ քլորից: Նա նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի արբանյակները քիմիական զենքի ենթադրյալ կիրառման պահին չեն գրանցել նաև հրթիռի արձակում:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Սիրիայի կառավարությունը ապստամբներին մեղադրել է Հալեպ նահանգի Խան Ալ-Ասալ շրջանում քիմիական զենք օգտագործելու մեջ, որի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ: Ընդդիմությունը, սակայն, հերքել է մեղադրանքներն՝ ասելով, որ կառավարական ուժերը ՍԿԱԴ տեսակի հրթիռ էին արձակել:
Այդ նպատակով Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարին՝ խնդրելով ձևավորել հատուկ մասնագիտացված, անկախ և չեզոք տեխնիկական առաքելություն՝ ուսումնասիրելու Հալեպի նահանգում ահաբեկիչների կողմից կիրառած քիմիական զենքի փաստը: Դրան անմիջապես հետևել է Բան Կի Մունի դրական պատասխանը: