Ադրբեջանում ձերբակալված NIDA խմբի անդամները «խղճի բանտարկյալներ» են
22/03/2013 21:15

Ադրբեջանում ձերբակալված NIDA խմբի անդամները «խղճի բանտարկյալներ» են

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանական NIDA շարժման ձերբակալված ակտիվիստներին «խղճի բանտարկյալ է» ճանաչել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կազմակերպությունը նախօրերին նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին, որում նրանց կոչ է արել անհապաղ ազատ արձակել շարժման անդամներին: Կազմակերպությունն իր խորը մտահոգությունն է հայտնել ձերբակալությունների, ինչպես նաև` այն հանգամանքի առնչությամբ, որ ձերբակալվածներին թույլ չեն տվել հրավիրել իրենց փատաբաններին ու հարցաքննել են պետության կողմից տրամադրված փաստաբանների ներկայությամբ:

Նշենք, որ երիտասարդական-քաղաքացիական շարժման (NİDA)-ի ակտիվիստներ Բախտիյար Գուլիևը, Շահին Նորվուզլին, Մամեդ Ազիզովը ձերբակալվել էին 2013 թ. մարտի 7-ին: Ոստիկանության կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ ակտիվիստները «ծրագրել էին ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեպքերի դեմ մարտի 10-ին կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ իրականացնել»:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հայտարարության համաձայն՝ ակտիվիստները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով մարդկանց կոչ են արել բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ իրականացնել, այդ թվում՝ օգտագործել դյուրավառ շշեր: Ադրբեջանցի իրավապահները պնդում են նաև, որ դյուրավառ շշեր ու թմրամիջոց են գտել ակտիվիստների տանը:

Մարտի 14-ին, նույն գործի շրջանակում ձերբակալվել էր NİDA-ի մեկ այլ ակտիվիստ՝ Ռաշադ Հասանովը (նրա նկատմամբ ևս քրեական գործ էր հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228.3 հոդվածի հատկանիշներով՝ «զենք, պայթուցիկ նյութեր և սարքեր պահելը»):

Ակտիվիստների ծնողներն ու փաստաբանները վստահեցնում են, որ թմրանյութն ու դյուրավառ շշերը քաղաքացիական հագուստով ոստիկաններն են իրենց «տուն բերել»:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ «Amnesty International»-ը բոլոր 4 ակտիվիստներին համարում է «խղճի բանտարկյալներ», ովքեր ձերբակալվել են «խոսքի և հավաքների ազատության իրենց իրավունքը խաղաղ ձևով արտահայտելու համար»: Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր 4 ակտիվիստներին:
 

Ադրբեջանում ձերբակալված NIDA խմբի անդամները «խղճի բանտարկյալներ» են