.jpg)
ՄԱԿ. Սիրիայում տեղի ունեցող բռնությունները կարող են տեղափոխվել Իրաք
Իրաքում ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Մարտին Կոբլերը գտնում է, որ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի տարածքում տեղի ունեցող բռնությունները կարող են տեղափոխվել հարևան Իրաք, ինչը իր հերթին կարող է սրել Իրաքի քաղաքական իրավիճակը և հարցականի տակ դնել նրա անվտանգությունը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Կոլբերի խոսքով՝ Իրաքում իրավիճակի ապակայունացումը սրվում է կրոնական և էթնիկ խմբերի միջև մրցակցության պատճառով: «Իրաքի արևմտյան նահանգներում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով, որ իրենք իրենց պաշտպանված չեն զգում»,- նշել է Կոլբերը՝ ընդգծելով, որ փողոցներում տեղի ունեցող բռնությունները իրենց արտացուլում են գտնում նաև քաղաքական դաշտում:
«Այպես, սունիական «Ալ-Իրաքիյա» բլոկի նախարարները չորս ամիս բոյկոտում էին նախարարների կաբինետի հանդիպումը: Պետությունը մի շարք միջոցներ էր ձեռնարկել, որպեսզի բավարարի ցուցարարների պահանջը՝ ազատ արձակելով 3.4 հազար բանտարկյալի, վճարելով է 11 հազար թոշակառուի թոշակները, իսկ բոլոր կին բանտարկյալներին տեղափոխել էր իրենց բնակության վայրին մոտ գտնվող բանտեր»,- հայտնել է ՄԱԿ ներկայացուցիչը:
Չնայած դրան, երկրում իրավիճակը մնում է բավականին բարդ: Կոլբերն ընդգծել է, որ էթնիկ կամ կրոնական խմբերը շատ հաճախ դառնում են ահաբեկչական հարձակումների և սպանությունների թիրախ: Այսպես, 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ահաբեկչությունների զոհ է դարձել 1300 խաղաղ բնակիչ: Բացի այդ, ահաբեկիչները սպանել էին Իրաքի անվտանգության ուժերի 591 աշխատակցի:
ԱՄՆ զորքերը Իրաք էին ներխուժել 2003 թվականի մարտի 20-ին՝ «Իրաքյան ազատություն» գործողության շրջանակներում և այնտեղ մնացել 8 տարի: Այս ամբողջ ընթացքում Իրաքում զոհվել է 4500 ամերիկացի զինվորական և մոտ 100.000 տեղացի: