.jpg)
Հայաստանում ապրում են ավելի քան 3000 խուլեր, որոնք ունեն մի շարք խնդիրներ
Այսօր Հայաստանում ապրում են ավելի քան 3000 խուլեր, որոնց համար առաջնային խնդիրը լիարժեք տեղեկացված լինելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգորի Գրիգորյանը:
«Մյուս խնդիրներից մեկը սպասարկումն է, օրինակ` Ռուսաստանի ռեստորաններում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ոստիկանությունում, օդանավակայաններում խուլերի համար հատուկ թարգմանիչներ են աշխատում, որոնք ուղեկցում են նրանց այդ վայրերում: Խուլերի խնդիրներից է նաև ուսուցումը»,- ասաց նա:
Գ. Գրիգորյանի հավաստմամբ` ներկայումս Հայաստանում միայն 2 արտադրամաս կա, որտեղ խուլեր են աշխատում, մինչդեռ խորհրդային տարիներին նման 7 գործարան կար:
Ասուլիսի մյուս բանախոս` Մշակույթի ու սպորտի պալատի տնօրեն, Երևան քաղաքի մասնաճյուղի խուլերի նախագահ Լևոն Մկրտչյանը նշեց, որ թեև այսօր խուլերն ունեն երգի, պարի, թատերական խմբեր, սակայն շատ դժվար է խուլերին հավաքել: Նրա հավաստմամբ `այժմ գործում է նման 5 խումբ: