Եթե «Ժառանգությունը» խնդրի պաշտոններ, հնարավոր է ՀՀԿ-ն բարի գտնվի և տա
23/03/2013 18:13

Եթե «Ժառանգությունը» խնդրի պաշտոններ, հնարավոր է ՀՀԿ-ն բարի գտնվի և տա

Մասնակցելով նախագահական ընտրություններին, որոնց ելքը կանխորոշված էր, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ գիտեր, որ դե յուրե պարտվելու է, իսկ նա ընտրություններից հետո ամեն ինչ անում էր` հասնելու Երևանի ավագանու ընտրություններին: Խոսելով ներքաղաքական զարգացումների, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քաղաքականության մասին` Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական գործընթացների փորձագետ Արմեն Բադալյանը:

Շարունակելով խոսքը` նա նկատեց, որ Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետո փորձում էր Ազատության հրապարակ բերել ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին, որոնք չմասնակցելով ընտրություններին, չթուլացան և չկորցրին իրենց ռեսուրսները, որը կարող են օգտագործել Երևանի ավագանու ընտրություններում:

«Այլ կերպ ասած` Ր. Հովհաննիսյանի առաջին ծրագիրը չիրականացավ, քանի որ նշյալ ուժերը չմիացան իր պայքարին: Նա նաև չկարողացավ իրականացնել իշխանական միջին օղակի` մարզպետների, գյուղապետերի աշխատանքից ազատումը»,- ասաց փորձագետը և հավելեց, որ հացադուլ հայտարարած Հովհաննիսյանն ի սկզբանե ցանկանում էր նախագահական ընտրությունների արդյունքների վերանայում, սակայն դա չհաջողվեց: Դրանից հետո Հովհաննիսյանը պահանջեց կա’մ նոր նախագահական, կա’մ ԱԺ արտահերթ ընտրություններ: Այս ամենը, եթե նույնիսկ լինի, ինչը քաղտեխնոլոգը հնարավոր չի համարում, կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո, ինչին էլ Ր. Հովհաննիսյանը ձգտում է:

«Հովհաննիսյանը կփորձի, անընդհատ արտահերթ ընտրությունների մասին խոսելով, պատրաստվել ավագանու ընտրություններին: Նա փորձում է որպես հաղթած նախագահի թեկնածու գնալ նաև ավագանու ընտրությունների` իր հետ տանելով Երևանում ստացած մոտ 200 հազար ձայնը»,- ասաց փորձագետը` հնարավոր չհամարելով դա, քանի որ ավագանու ընտրություններին մասնակցում են նաև ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն:

«Մարդիկ Ազատության հրապարակ գնում են փետրվարի 18-ին Ր. Հովհաննիսյանին տված ձայներին տեր կանգնելու համար և ոչ թե մասնակցելու Հովհաննիսյանի` ավագանու ընտրություններին մասնակցելու գործընթացին»,- ասաց փորձագետը:

Խոսելով նախօրեին Սերժ սարգսյանին ուղղված Հովհաննիսյանի առաջարկների մասին` Ա. Բադալյանը տարօրիննակ համարեց, որ Ր. Հովհաննիսյանն օրինակ պահանջում է դատախազի կամ ՊԵԿ ղեկավարի, ԿԳ նախարարի հրաժարականները, ովքեր կապ չունեն փետրվարի 18-ին կեղծված ընտրությունների հետ. «Կամ ինչո՞ւ հենց հինգ մարզպետի. Կեղծողները միայն հինգ մարզպետները չեն եղել»:

Ա. Բադալյանը նկատեց նաև, որ բոլոր այն պաշտոնյաների հրաժարականները, որոնք Հովհաննիսյանը պահանջում է, այսպես թե այնպես, հեռանալու են իրենց ոլորտից, ինչն էլ Հովհաննիսյանին հնարավորւթյուն կտա ասելու, թե դրան իր շարժումը հասավ:

Անդրադառնալով Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը` քաղտեխնոլոգն ասաց, որ այդ հանդիպումից ակնհայտ դարձավ, որ Հովհաննիսյանը, ով իրեն համարում է ընտրված նախագահ, բանակցային գործընթացում ոչ թե ասողի, թելադրողի դերում էր հանդես գալիս, այլ` լսողի:

«Իշխանությունները Հովհաննիսյանի առաջարկներին կարձագանքեն, եթե ցանկանան: Եթե «Ժառանգությունը» խնդրի պաշտոններ, և ՀՀԿ-ն բարի գտնվի,  կտա դրանք: Մի բան հստակ է, որ քաղաքական ուժերին ինչ-որ զիջումներ անում են այն ժամանակ, երբ տեսնում են, որ այդ ուժի թիկունքում տեսնում են հազարավոր մարդկանց, իսկ երկրի ներսում Հովհաննիսյանը չունի իր կողքին կանգնած այդքան մարդ»:
 

Եթե «Ժառանգությունը» խնդրի պաշտոններ, հնարավոր է ՀՀԿ-ն բարի գտնվի և տա