Վրեժ Գալստյանը մոտ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում
23/03/2013 16:17

Վրեժ Գալստյանը մոտ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում

ԱԺ-ի շենք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը մոտ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում։ Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրա փոխանցմամբ` այս մասին հարցաքննության ժամանակ հայտնել է Վ.Գալստյանի մայրը: Նախաքննական մարմինը համապատասխան գերատեսչությունից պահանջել է նրա հոգեկան վիճակի վերաբերյալ փաստաթղթեր։

Ս. Տռուզյանի խոսքով` նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են ականատեսները, ԱԺ մուտքի մոտ ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, Վ.Գալստյանի մայրը։ 

Ավելի վաղ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Վ. Գալստյանին զննել է հոգեբույժը և պարզել, որ նրա մոտ առկա են հոգեկան շեղումներ, և նա համապատասխան մասնագիտացված կլինիկայում բուժման կարիք ունի:

«Վ. Գալստյանի վիճակը գնահատվում է բավարար, այսօրվա ընթացքում նա կտեղափոխվի հիվանդասենյակ: Մեզ մոտ բուժումն ավարտելուց հետո կորոշվի, արդյոք կարիք կա նրան հարկադիր կերպով ուղարկել համապատասխան բուժման»,-ասել էր նա:

Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։

Նախորդող հրապարակում` Բժիշկ. ԱԺ ներխուժած երիտասարդը հոգեկան շեղումներ ունի

Մանրամասներ ԱԺ միջադեպից. ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

 

Վրեժ Գալստյանը մոտ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում