.jpg)
Սահմանը պահող կանայք. Ե՛վ մայր են, և՛ զինվոր
Սահմանամերձ գյուղերում գենդերային հավասարության կամ կանանց իրավունքների մասին խոսելը պարզապես ծիծաղելի եմ համարում: Այստեղ կանայք շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն: Այս մասին Տավուշի մարզի Բերդ քաղաքում լրագրողներին պատմեց «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անահիտ Բադալյանը: Իրավիճակը ճիշտ հասկանալու համար Անահիտը մի դրվագ պատմեց.
«Վերջերս մասնակցեցի կանանց հավասարության ու կանանց լիդերությանը նվիրված մի սեմինարի: Սեմինարը տևում էր ընդամենը 2 ժամ, սակայն այդ սեմինարի ընդմիջման կազմակերպման համար այնքան գումար էր ծախսվել, որ դրանով կարելի էր, ասենք, մի խաղահրապարակ կառուցել Բերդում: Ես հինգ տարեկան տղա ունեմ ու հավատացեք, մի տեղ չեմ գտնում քաղաքում, որտեղ երեխան ինչ-որ բանով կզբաղվի: Այնպիսի շրջաններում, ինչպիսին մերն է, խոսել ու զբաղվել գենդերային հավասարության քարոզով՝ պարզապես անիմաստ է»,- ասաց Անահիտ Բադալյանը:
Նա նաև անդրադարձավ տարածաշրջանում կանանց ու աղջիկների առողջական խնդիրներին. «Բանն այն է, որ մենք նկուղներում մեծացած սերունդ ենք, բոլորս առողջական խնդիրներ ունենք: Հինգ ընկերներիս հետ ընտանիքներով մտերիմ ենք, նրանցից երկուսը երկար ժամանակ է՝ չէին կարողանում երեխա ունենալ: Երկար բուժվեցին ու հիմա էլ ծնված երեխան անընդհատ հիվանդանում է»,- պատմեց Անահիտ Բադալյանը:
««Սոսե» մայրերի ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Ադամյանն էլ ավելացրեց.
«Գենդերային հավասարության մասին խոսելու համար պետք է երկու ամուսինների առկայությունը, իսկ մեզ մոտ գենդերային հավասարության մասին խոսելը ծիծաղելի է: Գենդերային հավասարությունը մեզ մոտ ինքնստինքյան է եկել` ամուսինը մահացած է, հաշմանդամ կամ արտագնա աշխատանքի է: Կինը ստիպված է իր վրա վերցնել տան հոգսը` նա և՛ մայր է, և՛ զինվոր»,- ավելացրեց Նինա Ադամյանը: