Լևոն Ջուլֆալակյան. «Արդյունքներից գոհ եմ»
25/03/2013 19:45

Լևոն Ջուլֆալակյան. «Արդյունքներից գոհ եմ»

Հայաստանի ազատ և հունահռոմեկան ոճի հավաքականների ըմբիշները Թբիլիսիում կայացած մարզաձևի Եվրոպայի առաջնությունից վերադարձան 5 մեդալով: Կրկին անգամ հիշենք այն մարզիկների անունները, ովքեր արժանացան մրցանակների. Արթուր Ալեքսանյան և Դավիթ Սաֆարյան` ոսկե մեդալ, Մուսա Մուրթազալիև` արծաթե մեդալ, Արթուր Շահինյան և Վաչիկ Եղիազարյան` բրոնզե մեդալ: 

Մեդալների հաշվարկով լավագույն եռյակը եզրափակեց օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որի հաշվին գրանցվեց 3 մեդալ:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Ջուլֆալակյանը կիսվեց տպավորություններով և գնահատեց իր սաների մրցելույթները` արդյունքները համարելով գոհացուցիչ:

«Շատ ուրախ եմ և գոհ եմ թիմի ցուցադրած արդյունքից: Բնականաբար, Արթուր Ալեքսանյանից սպասում էինք, որ նա կարժանանա ոսկե մեդալի և սպասելիքներն արդարացան:

Ուզում եմ անպայման նշել, որ 84 կգ քաշային կարգում և 120 կգ քաշային կարգում, որտեղ մեզ բրոնզե մեդալներ բերեցին Արթուր Շահինյանն ու Վաչիկ Եղիազարյանը, մինչև այժմ մեդալ չունեինք: Ուստի սա համարում եմ լուրջ հաջողություն և լավ արդյունք:

Ինչ վերաբերում է մյուս ըմբիշներին, ապա այստեղ նկատելի էր փորձի պակասը և պարզ է, որ աշխատելու տեղ դեռ ունենք: Կարևորն այն է, որ կա պոտենցիալ, որը կնպաստի հետագա հաջողությունների զարգացմանը»,- նշեց Ջուլֆալակյանը:

Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանի բացակայությանը, Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ Արսենին պատրաստում են աշխարհի առաջնությանը և այդ պատճառով նա բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, սակայն անգամ 2012 թ. Հայաստանի լավագույն մարզիկի մասնակցությունը դեռ 100 տոկոսանոց չէ:

«Դեռ հայտնի չեն աշխարհի առաջնության մասնակիցների անունները, անգամ` Արսենինը: Սեպտեմբերի 16-22-ը Հայաստանը Բուդապեշտում կներկայացնեն այն մարզիկները, ովքեր պատրաստ կլինեն և կունենան լավ մարզավիճակ»,- ասաց Ջուլֆալակյանը:

Ինչ վերաբերում է ըմբշամարտը 2020 թ. օլիմպիական խաղերից հանելու շուրջ պտտվող սկանդալային խոսակցություններին, ապա Հայաստանի հունահռոմեական ոճի ընբշամարտի հավաքականի մարզիչը հույս հայտնեց, որ այս առումով մտորելու առիթ չենք ունենա և շուտով կարող ենք սպասել լավ նորությունների:

«Կարծում եմ, մտահոգվելու առիթ չկա և հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ ամբողջ աշխարհն է դեմ այդ առաջարկին: Ըմբշամարտը կլինի օլիմպիական խաղերի ծրագրում»,- հավելեց Ջուլֆալակյանը:

Լևոն Ջուլֆալակյան. «Արդյունքներից գոհ եմ»