Վարդազարյան. Ավագանու խմբակցություններում քաղաքական հակադրություն չկա
25/03/2013 20:38

Վարդազարյան. Ավագանու խմբակցություններում քաղաքական հակադրություն չկա

Երևանի ավագանիում ընթացող աշխատանքների, ինչպես նաև՝ ՀՀԿ-ԲՀԿ խմբակցությունների միջև հարաբերությունների մասին Aysor.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հետ:

- Պարոն Վարդազարյան, կապված ավագանու գործունեության հետ, Ձեր ակնկալիքներն արդարացե՞լ են:

- Ակնկալիքներն առաջացան աշխատանքի ընթացքում, երբ ես հասկացա և զգացի, որ ես` որպես ավագանու անդամ, իրավունք և հնարավորություն ունեմ գնալ-կիսվել իմ կողքինի, իմ հարևանի առաջարկած խնդիրների վերաբերյալ, ինձ վստահել են և այդ հարցով պետք է գնամ, հետաքրքրվեմ, ու պատասխան էլ միշտ ստացել եմ: Գուցե միշտ չէ, որ այն դրական է եղել, բայց բացասական պատասխանն էլ արդյունք է, եթե հիմնված է օրենքի վրա: Պետք է ասեմ, որ ինչ-որ արվում է, արվում է օրենքի սահմաններում:

- Երբեմն քննադատություն է հնչում, որ ավագանու անդամները պասիվություն են դրսևորում, բազմաթիվ խնդիրներ կան, որ նրանց ուշադրությունից դուրս են մնում…

- Ի՞նչ է, ամեն խաչմերուկում ես պետք է կանգնեմ ու բղավեմ` այսօր նիստի ժամանակ այսպիսի հարց քննարկվեց, ես ասացի` այսպես, նա ասաց` այնպե՞ս… Ոչ, սա աշխատանքային պրոցես է, և դրվածքն այնպիսին է, որ բոլոր հանձնաժողովները մինչև վերջնական տարբերակի չբերեն հարցը, իսկ վարչությունը հիմնավորված պատասխան չտա, չի մտնում ավագանու նիստ՝ գնահատվելու: Ավագանու մեծ նիստերի իմաստն է` ընդունել կամ չընդունել: Եղել են մի շարք դեպքեր, երբ բարձրացված հարցը հետ է վերադարձվել՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

- Ի՞նչ դրական և ի՞նչ բացասական կողմեր կնշեիք ավագանու աշխատանքներում:

- Բացասականն այն է, ինչը դեռ չի արվել, բայց ծրագրված է: Օրինակ` լրացուցիչ ավտոբուսների բերելը: Իսկ դրականն այն է, որ մարդիկ, ովքեր ուշացրել էին սեփականաշնորհման խնդիրը, դիմում են, նրանց ընդառաջվում է: Բնակիչների հետ տարածքային փոխանակումներ են իրականացվում` հօգուտ Երևանի, որոնց միջոցոցով ճանապարհներ են կառուցվում, պուրակներ են կանաչապատվում և այլն: Հաջողություններից նաև պետք է նշել մանկապարտեզների անվճար դարձնելը, դպրոցների ջեռուցումը, քաղաքի մաքրությունը:

- Իսկ խմբակցությունների միջև հակադրություններ հաճախակի՞ են լինում, ինչպես ԱԺ-ում:

- Ի տարբերություն ԱԺ-ի, որտեղ իմաստ է դարձել այն, որ ես հակառակ խոսեմ այսինչի ասածին, այստեղ դա բացառված է, և այդ մթնոլորտը ստեղծվել է: Միտքը, գաղափարն է` հանուն Երևանի, հօգուտ Երևանի: ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրենց աշխատանքներում ելնում են այն բանից, թե սա օգո՞ւտ է Երևանին, թե՞ ավելի հրատապ հարց կա:

- ԲՀԿ խմբակցության կողմից՝ տարբեր հարցերի հետ կապված, հակադրություն երբևէ չի եղե՞լ:

- Սկզբնական շրջանում հասկանալի երևույթ էր, որ ինչ-որ հարցերում պարզաբանման նպատակով հակադրվում էին, իսկ հիմա հակադրություն չկա, այլ կա համագործակցություն` հանուն Երևանի:

- Դուք ո՞ր շրջանի մասին եք խոսում:

- Վերջին, ասենք, սկսած Բեգլարյանից, որովհետև նա կասեցրեց այդ հակասությունները: Եվ նույն ձևով Կարապետյանի օրոք էր, իսկ հիմա` Տարոն Մարգարյանի օրոք, առավել ևս: Ըստ էության, քաղաքական հակադրություն չկա:

- Այսինքն` քվեարկությունները միանմա՞ն են ընթանում:

- Այո, մեծամասամբ: Լինում են երբեմն մեկ-երկու ձեռնպահ, մեկ-երկու դեմ…

Հ.Գ. Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Պողոս Փլավչյանը Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության աշխատանքների առնչությամբ նշել էր. «Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է կողմ քվեարկել մեծամասնությունը, բայց ոչ բոլորն են կողմ քվեարկել: Եղել են առաջարկներ, եղել են դիտարկումներ, եղել են կարծիքներ, այնպես որ նիստի ժամանակ ինչ-որ հարց չարծարծելը չի նշանակում, որ քննարկումներ, ընդդիմանալու ինչ-որ փորձեր կամ կառուցողական առաջարկներ չեն եղել»:
 

Վարդազարյան. Ավագանու խմբակցություններում քաղաքական հակադրություն չկա