.jpg)
Երկաթգծի վերաբերյալ Սահակաշվիլիի հայտարարությունը հակասում է երկրի շահերին
«Սահակաշվիլիի` աբխազական երկաթգծի մասին արված հայտարարությունը կարելի է դիտարկել Վրաստանում ներքաղաքական լարված իրավիճակի ենթատեքստում և այդպիսի արտաքին քաղաքական հայտարարությունները ներքաղաքական պայքարի արտացոլանքն է»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի՝ աբխազական երկաթգծի վերաբացման վտանգների մասին հայտարարությանը ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ Վրաստանի նախագահի և վարչապետի միջև կա սուր լարվածություն և աբխազական երկաթգծի վերաբերյալ բոլոր հայտարարությունները այդ հակամարտության ոլորտից են:
«Այսօրվա դրությամբ աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը բավականին դժվար լուծվող հարց է, սակայն աբխազական երկաթծգի վերագործարկումը շատ կարևոր է հենց Վրաստանի համար»,- ասաց բանախոսը:
Մելիքյանը նկատեց, որ Վրաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր տրանսպորտային հնարավորությունները և այդ աբխազական երկաթգիծը կկապի Վրաստանը Ռուսաստանի հետ նաև երկաթգծով, ինչը Վրաստանի համար տրանզիտային հնարավորություններ կընձեռի:
Նրա խոսքով՝ աբխազական երկաթգիծը շուտափույթ վերագործարկումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ կան խնդիրներ աբխազական կողմի հետ, Ռուսաստանը ևս պետք է այդ ուղղությամբ ջանքեր գործադրի և հնարավոր է առաջիկա 5 տարիների ընթացքում այդ երկաթգծի հարցը լուրջ լուծում ստանա:
Ջ. Մելիքյանը նշեց, որ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի հետ հակամարտության մեջ, իսկ երկաթուղին կաշխատի հօգուտ Հայաստանի. պարզ է, որ աբխազական երկաթգծի վերագործարկումը հակասում է ադրբեջանական շահերին, սակայն պարզ չէ, թե ինչով է այդ երկաթգիծը վնասում վրացական շահերին:
«Վրաստանը Ադրբեջան չէ և այսօրվա դրությամբ այդպիսի հայտարարությունները վնասում են հենց վրացական ազգային-պետական շահերին»,- հավելեց բանախոսը: