.jpg)
Հոսնի Մուբարաքին կարող են ազատ արձակել բանտից ապրիլին
Եգիպտոսի Արդարադատության նախարար Ահմեդ Մեքքին կասկածի տակ է դրել այն, որ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատ կարձակվի այն բանից հետո, երբ ապրիլի 16-ին լրանա նախնական կալանքի ժամկետը: Մուբարաքի դեմ կարող են նոր մեղադրանքներ առաջադրել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ապրիլի 16-ին լրանում է նախկին նախագահի նախնական կալանքի ժամկետը, և նրան ազատ արաձակելը բնական կլիներ այն դեպքում, եթե նրա դեմ այլ գործերով նոր մեղադրանքներ չներկայացվին, սակայն ես լսել եմ, որ նրան մեղադրում են նաև այլ հանցագործությունների մեջ»,- ասել է Մեքքին:
Մարտի սկզբին Եգիպտոսի վարչական դատարանի վերստուգիչ հանձնաժողովը Մուբարաքին և նրա երկու որդիներին մեղադրեց բյուջեի մեկ միլիարդ եգիպտական ֆունտ գումար յուրացնելու մեջ (ավելի քան 150 մլն դոլար): Մուբարաքը և նրա որդիները երկար տարիներ գործող կոռուպցիոն սխեմաների մասնակիցներ էին:
Նոր գործի նյութերը փոխանցվել են գլխավոր դատախազություն: Վերստուգիչ հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ շուտով թարմացվելու են Մուբարաքի և նրա շրջապատի կոռուպցիոն գործարքների լրացուցիչ տվյալները, որոնք «անսպասելի անակնկալ կդառնան եգիպտական հասարակության համար»:
Մուբարաքը և Եգիպտոսի ՆԳ նախկին ղեկավար Հաբիբ Ալ-Ադլին 2012 թվականի հունիսի 2-ին դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ 2011 թվականի հունվարին ցուցարաների վրա կրակելու հրաման տալու համար: Հունվարի կեսերին Եգիպտոսի վճռաբեկ դատարանը բավարարեց Մուբարաքի փաստաբանների բողոքարկումը և վճռեց նոր լսումներ անցկացնել: «Դարի գործի» վերանայումը սկսվելու է ապրիլի 13-ին: