.jpg)
Արաբները և թուրքերը 3500 տոննա զենք են մատակարարում սիրիացի ապստամբներին
ԱՄՆ հատուկ ծառայությունները ստեղծել են մասշտաբային ցանց, որը սիրիացի գրոհայիններին տրամադրել է 3500 տոննա զենք: Առքուվաճառքը տեղի է ունեցել Խորվաթիայում: Գնորդները արաբական պետություններն էին, իսկ բեռները տեղափոխելու համար մեքենաներ էր տրամադրում Թուրքիան: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում կատարելով The New York Times-ին:
ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը տրամադրում է «ոչ մահացու զենք» և մարդասիրական օգնություն, սակայն ԱՄՆ պետքարտուղարությունը խորամանկություն է անում, երբ խոսում է «խաղաղ մատակարարումների» մասին:
«Դիվանագետների մեջքի հետևում ԿՀՎ գործակալները ստեղծել են մի ցանց, որն անդադար ծանր զենքով զինում է Սիրիայի հյուսիսում գործող գրոհայիններին: ԱՄՆ հետախուզության աշխատակիցներն իրենց գործընկերներին օգնել են Մերձավոր Արևելքում կազմակերպել լոգիստիկ շղթաներ: Զենքը գնվում է Խորվաթիայում, որը բավականին երկար ժամանակ հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի գործընկերներին սպառազինություն մատակարարող երկիր: Գնորդները Սաուդյան Արաբիան և Կատարն են»,- գրում է թերթը:
Եվրոպայում գնված զենքը տեղափոխվում է Թուրքիայի Էսենբոգա օդանավակայան, որտեղ այն բեռնվում է բեռնատարներում և վագոններում ու տեղափոխվում Սիրիայի հետ սահման: Դրանից հետո արկղերը ուղարկվում են զինյալների պահեստներ, որտեղ զենքը բաժանում են հասարակ գրոհայիններին:
The New York Times-ի տվյալներով, ԱՄՆ հետախուզության սպաները վերահսկողություն են իրականացնում զենքի գնման և տեղափոխման ողջ ընթացքում:
«Համեստ գնահատականներով, բեռների ընդհանուր ծավալը կազմում է 3500 տոննա: Էսենբոգա օդանավակայան զենքի փոխանցման ինտենսիվությունը թույլ է տալիս ենթադրել, որ այդ փոխադրումների հետևում կանգնած է լավ ծրագրված գաղտնի գործողություն»,- ասում է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլի ինստիտուտի մասնագետ Հյու Գրիֆիթսը: