Արաբական երկրները պատրաստ են ԱՊԼ-ում Սիրիայի տեղը ընդդիմությանը փոխանցել
25/03/2013 20:30

Արաբական երկրները պատրաստ են ԱՊԼ-ում Սիրիայի տեղը ընդդիմությանը փոխանցել

Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները մարտի 24-ին հավաքվել են Կատարի մայրաքաղաք Դոհայում և  որոշել մարտի 26-ին Լիգայի գագաթաժողովի օրակարգ մտցնել Սիրիայի տեղը ընդդիմությանը փոխանցելու հարցը: Կատարի այս առաջարկն ընդունվել է լիգայի գրեթե բոլոր անդամների կողմից:

Ինչպես հայտնում է The Daily Star-ը, ԱՊԼ-ի որոշումը դժվար թե գործնական նշանակություն ունենա Ասադի վարչակարգի համար, սակայն դա արտացոլում է ապսատմբներին աջակցող երկու առանցքային երկրների՝ Կատարի և Սաուդյան Արաբիայի ճնշումները՝ ցույց տալու, որ արաբ հասարակությունը իր համերաշխությունն է հայտնում Ասադի դեմ պայքարող ապստամբներին:

Սիրիայի տեղը ընդդիմությանը փոխանցելուն դեմ էին արտահայտվել Ալժիրը և Իրաքը՝  վկայակոչելով, որ այդ որոշումը հակասում է ԱՊԼ կանոնադրությանը, որի 8-րդ կետի համաձայն՝ անհրաժեշտ է հարգել գործող պետական համակարգը և անթույլատրելի է ցանկացած գործողություն, որն ուղղված է արաբական պետություններում վարչակարգերի փոփոխությանը: Ըստ կանոնադրության՝ որոշումները պետք է կայացվեն միաձայն, հակառակ դեպքում դրանք պարտադիր կլինեն միայն նրանց համար, ովքեր դրանց աջակցել են:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցությունը կասեցվել էր 2011 թվականի նոյեմբերին, երբ կառավարական ուժերի և ընդդիմության մեջ սկսվել էր զինված հակամարտություն: 2013 թվականի մարտի 6-ին լուրեր էին տարածվել, որ ԱՊԼ որոշում էր կայացրել Սիրիայի տեղը փոխանցել ընդդիմությանը, սակայն ավելի ուշ լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին հերքել էր այն՝ պարզաբանելով, որ ընդդիմությունը չունի գործադիր կոմիտե և չի համապատասխանում անդամակցության այլ պայմաններին: