ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակիցը հարձակվել է  ուսանողի վրա
26/03/2013 20:27

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակիցը հարձակվել է ուսանողի վրա

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակից Ֆարիդ Ջաբրաիլովն Նյու Յորք քաղաքում հարձակվել է ադրբեջանցի երրորդ կուրսի ուսանող Էմիլ Իսմայիլի վրա և փորձել ծեծել նրան: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին:

Աղբյուրին Էմիլ Իսմայիլը պատմել է, որ Ջաբրաիլովը հարձակվել է իր վրա և փորձել հարվածել:

Երիտասարդ ակտիվիստը պատմել է նաև, որ դիվանագետը նախկինում ևս իրեն սպառնացել է: Պատճառը, նրա խոսքով, օրեր առաջ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիան էր, որին մասնակցել էր նաև ինքը: Ակցիան անցկացվել է ի նշան Ադրբեջանում երիտասարդ ակտվիտների դեմ իրականացվող ճնշումների:

Իսմայիլը հավելել է, որ ինքն արդեն դիմել է Նյու Յորքի ոստիկանություն, որտեղ նրան խոստացել են փաստի առնչությամբ հետաքննություն սկսել: Չնայած Ֆարիդ Ջաբրաիլովի դիվանագիտական անձեռնխելիությանը՝ ուսանողը մտադիր է պատժել նրան:

Ադրբեջանի արտգործնախարարությունը և ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
 

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակիցը հարձակվել է ուսանողի վրա