Ֆրիբուրգի կինոփառատոնի շրջանակում եղել է երեկո` նվիրված հայկական կինոյին
26/03/2013 19:58

Ֆրիբուրգի կինոփառատոնի շրջանակում եղել է երեկո` նվիրված հայկական կինոյին

Մարտի 16-23-ը տեղի ունեցած Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (27 Festival International de Films de Fribourg) շրջանակներում կազմակերպվել է  հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը:  Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվել են Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» և Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները:

Կինոցուցադրմանը հաջորդել է «Սփյուռք. Ատոմ Էգոյանը և Հայաստանը» խորագրով Հայաստանին նվիրված քննարկումները, որին մասնակցել են դեսպան Շարլ Ազնավուրը, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարի Բուվյեն, կինոռեժիսոր Օքսանա Միրզոյանը, կինոպրոդյուսեր Բրադեն Քինգը և Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը:

Քննարկումների ընթացքում, որին ներկա էին մոտ 250 հոգի, դեսպան Ազնավուրը ներկայացրեց Հայաստանը, հայ ժողովրդին, հայկական մշակույթը, հայոց պատմությունը: Իր ելույթում ՀՀ դեսպանը կարևորել է  մշակույթի և, մասնավորապես, կինոյի դերը Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու գործում:

Կինոփառատոնի ընթացքում հայկական ֆիլմերի ցուցադրությունը և դրան դեսպան Ազնավուրի մասնակցությունը լայնորեն լուսաբանվել են շվեյցարական մամուլում և հեռուստատեսությամբ:

Ֆրիբուրգի կինոփառատոնի շրջանակում եղել է երեկո` նվիրված հայկական կինոյին