«Ազատության  տորմիղի» զոհերի ընտանիքները փոխհատուցում կստանան
26/03/2013 20:13

«Ազատության տորմիղի» զոհերի ընտանիքները փոխհատուցում կստանան

Իսրայելը և Թուրքիան երեք տարի խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո առաջիկայում սկսելու են 2010 թվականին «Ազատության տորմիղի» վրա կատարված հարձակման զոհերի ընտանիքների փոխհատուցման վերաբերյալ բանակցությունները: Այս մասին հայտնում է Ahram Online կայքը:

«Երկու կողմերի պատվիրակները աշխատելու են փոխատուցման հարցերը լուծելու համար: Մենք այսօր ազդարարել ենք բանակցությունների սկիզբը»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բուլենթ Արինքը:

Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2010 թվականի մայիսի 31-ին, երբ Գազայի հատված ուղևորվող «Ազատության տորմիղը» չենթարկվեց իսրայելական կողմի պահանջին, որից հետո Իսրայելի հատուկ նշանակության ջոկատները ստիպված են եղել գրոհել: Արդյունքում զոհվել էր 9 թուրք:

Անկարան պահանջում էր ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել, ինչին կտրականապես դեմ էր Իսրայելը: Սակայն անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իսրայել կատարած այցելությունից հետո Իսրայելի վարչապետ Բենիմաին Նեթանյահուն ներողություն խնդրեց Թուրքիայից կատարվածի համար:

«Սա մեծ հաջողություն է Թուրքիայի արտաքին քաղաքականությունում»,- ասել է Արինքը՝ նշելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախողազրույց է ունեցել իսրայելական կողմի հետ և հույս հայնել, որ խնդիրը շուտափույթ կլուծվի:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին հայտնել էր, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև՝ Թուրքիայում Իսրայելի նոր դեսպան ունենալը բացառապես կախված է Իսրայելից:
 

«Ազատության տորմիղի» զոհերի ընտանիքները փոխհատուցում կստանան