.jpg)
Միխալ Բիլեկ. «Սա մարզչական հաղթանակ էր»
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա (0:3) հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը նշեց, որ շատ ուրախ է 3 միավորով վերադառնալու առիթով և որ այս հաղթանակը շատ կարևոր էր թե իր, թե իր ընտրանու համար:
«Հանդիպումից առաջ նշել էի, որ Հայաստանի հավաքականի խաղին մանրամասնորեն ծանոթացել էի: Ինձ համար պարզ էր, որ Հայաստանն ուժեղ է և հատկապես հարձակման գծում: Անչափ ուրախ եմ, որ մենք վերադառնում ենք 3 միավորով: Դանիայի ընտրանուց կրած պարտությունից հետո սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար, քանի որ մեր վիճակը խմբում շատ բարդ էր: Հնարավոր է` սա մարզչական հաղթանակ էր, բայց նաև ասեմ, որ իմ թիմը շատ պատասպանատու ֆուտբոլ էր խաղում»,- նշեց Բիլեկը:
Խոսելով գլխավոր մարզչի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցի մասին, Բիլեկը հայտնեց, որ թեև իր թիմը հասավ դրական արդյունքի, այնուամենայնիվ, իր ապագան կորոշվի մոտակա շաբաթների ընթացքում:
Բիլեկը նաև տեղեկացրեց, որ թիմի ավագ Ռոսիցկին ցանկանում էր փոխարինվել և հանդիպման ժամանակ նրանք խոսում էին հենց այդ հարցի շուրջ:
«Ռոսիցկին վնասվածք ուներ և ցանկանում էր փոխարինվել, բայց ես նրան համոզեցի մնալ խաղադաշտում: Իսկապես, Հայաստանի հավաքականը կարող էր հաջողության հասնել: Առաջին հերթին` կոլեկտիվ խաղի շնորհիվ: Ես չեմ սիրում ազգանուններ տալ: Սա ընտրական փուլի ավարտը չէ: Առջևում դեռ շատ խաղեր կան: Իրավիճակը խմբում բարդ է, բայց Հայաստանի ընտրանին ևս չպետք է հույսը կորցնի»,- ասաց Բիլեկը: