.jpg)
ՄԱԿ-ը Դամասկոսից ժամանակավորապես տարհանում է իր աշխատակիցներին
ՄԱԿ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, իր միջազգային անձնակազմի մի մասը ժամանակավորապես տարհանում է Սիրիայից: Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:
Կազմակերպության մամուլի խոսնակ Մարտին Նեսիրկին լրագրողներին հայտնել է, որ մարտի 24-ին և 25-ին ռումբեր են ընկել Դամասկոսի այն հյուրանոցի շրջակայքում, որտեղ ապրում են ՄԱԿ աշխատակիցները: Ռումբից բռնկված կրակը վնասել է շենքը և մի քանի մեքենա:
«ՄԱԿ անվտանգության ապահովման թիմը գնահատել է իրավիճակը և որոշել ժամանակավորապես կրճատել Դամասկոսում միջազգային աշխատկազմի ներկայությունը: Մենք փնտրում ենք առավել ապահով վայրեր»,- ասել է Նեսիրկին՝ ավելացնելով, որ ՄԱԿ-ը ավելի մեծ նշանակություն է տալիս իր տեղացի և միջազգային աշխատակիցների անվտանգությանը:
Կազմակերպության աշխատակազմի մեծ մասը ժամանակավորապես Դամասկոսից տեղափոխվում է Բեյրութ և Կահիրե, իսկ տեղի աշխատակիցները ժամանակավոր աշխատելու են տնից:
Նշենք, որ Դամասկոսում աշխատում էր ՄԱԿ 100 աշխատակից: Եվս 800 մարդ ՄԱԿ-ը վարձել էր տեղում: Նրանց թվում էին Մշտական համակարգման գրասենյակի, Հումանիտար գործունեության համակարգման գրասենյակի, ՄԱԿ հաստատությունների և նախագծերի աշխատակիցները, ինչպես նաև՝ նրանք, ովքեր օգնություն են ցուցաբերում Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին: