.jpg)
Վարդան Մինասյան. «Տարոն Ոսկանյանն անթերի գործեց»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիայի (0:3) հավաքականի հետ կայացած հանդիպումից հետո նշեց, որ թեև արդյունք չկար, սակայն նույնը չի կարելի ասել որակի մասին:
«Այո, պարտվեցինք: Արդյունք չկար, բայց որակի դեպքում համաձայն չեմ: Իսկ թե ինչո՞ւ արդյունք չկա, դժվարանում եմ պատասխանել: Մեր առջև խնդիր էր դրված կատարելագործել թիմի խաղը:
Բրազիլիա գնալու շանսե՞ր: Իսկ ո՞վ էր ասել, որ գնալու ենք Բրազիլիա: Ինձանից նման բան լսե՞լ եք:
Ինչ վերաբերում է այս հանդիպմանը, ապա սա մի խաղ էր, որ հաջողության կհասներ գոլ խփող թիմը: Մեր սխալի արդյունքում նրանք հասան հաջողության»,- նշեց Մինասյանը:
Այն հարցին, թե կարո՞ղ ենք սա համարել մարզչական պարտություն, մեր հավաքականի մարզիչը նշեց, որ ցանկացած պարտություն` դա մարզչի պարտությունն է: Իսկ թե ինչո՞ւ խաղադաշտում չտեսանք Նորայր Խաչատուրովին, Մինասյանը նշեց, որ տվյալ պարագայում ավելի լավ տարբերակ էր Տարոն Ոսկանյանը:
Վարդան Մինասյանը նաև նշեց, որ գոհ է պաշտպանների ցուցադրած խաղից, իսկ չեխերի մարտավարության մասին ասաց հետևյալը.
«Նրանք փոփել էին թիմի մարտավարությունը ու հանդես էին գալիս 2 հենակետայիններով: Նրանց թույլ տեղը պաշտպանության աջ եզրն էր, քանի որ երբ նրանք այդ եզրով գրոհում էին, ազատ տեղեր էին առաջանում: Բայց այսօր չեխերն ավելի պասիվ հանդես եկան: Առաջին և երկրորդ խաղակեսերի միջև ոչ մի տարբերություն չկար: Եթե ուշադիր եք եղել, 2-րդ խաղակեսը մենք նույնպես լավ սկսեցինք:
2-րդ գոլի ժամանակ Ռոբերտ Արզումանյանն այլ կերպ պետք է գործեր: Եթե ընդհանուր խաղին նայեք, ապա Տարոն Ոսկանյանն անթերի ֆուտբոլ խաղաց: Կոնկրետ առաջադրանք չէր եղել` հարձակվել կենտրոնով, թե եզրերով: Մենք, հաշվի առնելով Կամոյի Հովհաննիսյանի խաղային որակները, խաղը կառուցում էինք եզրերով: Հայաստանի հավաքականը միշտ խաղում է նույն սխեմայով, բայց մարտավորությունը փոխվում է»,- ասաց Վարդան Մինասյանը: