Ահարոն Ադիբեկյան.  ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգության» վարկանիշը կընկնի
27/03/2013 15:00

Ահարոն Ադիբեկյան. ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգության» վարկանիշը կընկնի

Երևանում պատրաստվում են ավագանու ընտրություններին, սա շատ լուրջ է, իսկ «Ժառանգությունը» փորձում է ցույց տալ, որ ազգային ճգնաժամ գոյություն ունի: Ավագանու ընտրություններից կախված՝ կլինեն հետագա քաղաքական զարգացումներ. Եթե ՀՀԿ-ն պարտվի, ապա լուրջ կասկածներ կլինեն նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամաբ, եթե բալանսը պահպանվի, ընդդիմության հավակնությունները՝  ներկայանալ որպես ժողովրդի ընտրյալ և Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացնել որպես Հայաստանի չորրորդ նախագահ, անհիմն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Ընդդիմությունից ամենալուրջ խաղացողը, ըստ Ադիբեկյանի, Վարդան Օսկանյանն է, ով որպես քաղաքապետ չի դիտարկվում, այլ բան է, եթե ԲՀԿ ցուցակը գլխավորեր Գուրգեն Արսենյանը
, քանի որ նա բիզնեսի ներկայացուցիչ է և ԱԺ-ում սոցիալական խնդիրներով է զբաղվում: «Ժառանգության» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ըստ սոցիոլոգի, քիչ շանսեր ունի, քանի որ չկա մի ոլորտ, որտեղ Մարտիրոսյանն իրեն լիարժեք դրսևորած լինի: ՀԱԿ-ից նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին,  «Սոցիոմետրի» դեկտեմբերի հարցման համաձայն, քչերն են հիշում:

ՕԵԿ ցուցակի առաջին համար, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի վարկանիշը նախարար դառնալուց հետո բավականին բարձրացել է, հանրությունը նրա վերաբերյալ դրական կարծիք ունի:

Առաջիկա ընտրություններում կարող է ընկնել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» վարկանիշը, քանի որ նրանց ցուցակները չեն գլխավորում կուսակցության առաջնորդները՝ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը: Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ լինելու ընթացքում վարկանիշը բարձրացել է, Երևանի վիճակն էլ լավացել է, այս կարծիքի են հարցված երևանցիները: 

Ահարոն Ադիբեկյանը հավելեց, որ ավագանու ընտրություններին պայքարը գնալու է կուսակցությունների ու ցուցակի առաջին համարների միջև: 

Հիմնական պայքարը կծավալվի ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Խնդիր կա, թե ինչպես կվերաբաշխվեն ընդդիմադիր կուսակցությունների ձայները, որոնց նախագահական ընտրություններին համախմբեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Ադիբեկյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում առավելագույնը կարող է ստանալ ձայների 10 տոկոսը: 

6 տոկոսի շեմը անցնելու խնդիր կունենան ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը, քանի որ նրանց ձայների մեծ մասը գալիս են մարզերից: Դեկտեմբերին անցկացրած հարցման համաձայն՝ ավագանու ընտրություններին պատրաստ է մասնակցել հարցվածների 47 տոկոսը: 

Ահարոն Ադիբեկյան. ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգության» վարկանիշը կընկնի