.jpg)
ԱԱԽ. Ռազմական արդյունաբերության զարգացումը թիրախային ուղղություն է
Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան: Այս մասին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից:
Այցի առաջին օրը ԱԱԽ քարտուղարը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների, այդ թվում միջխորհրդարանական հարթությունում կապերի զարգացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են երկու պետությունների օրենսդիր մարմինների, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջև փոխգործակցության ակտիվացումը` որպես երկկողմ կապերի ամրապնդման կարևոր գործոն:
Նույն օրը տեղի է ունեցել Ա.Բաղդասարյանի հանդիպումը Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանախագահ Տոմաշ Տոմչիկևիչի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշեցին երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և այդ տեսակետից կարևորեցին ս.թ. ապրիլի 23-26-ը Երևանում կայանալիք` միջկառավարական հանձնաժողովի հերթական, 3-րդ նիստի անցկացումը:
Որպես թիրախային ուղղություն նշվել է ռազմական արդյունաբերության զարգացումը, որի առաջին քայլերից էր այսօր Վարշավայում «Լյուբավա» ընկերության և ՀՀ Պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջև ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը:
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հետ հանդիպման ժամանակ ևս կարևորվել է ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա խորացումը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու տարի առաջ իրենց ջանքերով մեկնարկած համագործակցությունը կոնկրետ արդյունքներ է տալիս և ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ Լեհաստանի և Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների միջև:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու այս ոլորտում գործակցությունը և այն մասին, որ ընթացիկ տարվա ապրիլին Երևան կժամանի Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակությունը` միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում այս ոլորտում համագործակցությունը խորացնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակն ու հետագա խորացման հնարավորությունները: Քննարկվել է նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել անվտանգության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի կատարման մոնիտորինգի իրականացումը, աջակցել կնքված պայմանագրերի իրականացման գործընթացին: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում և Արևելյան գործընկերության շրջանակներում զարգացող համագործակցության խթանման գործում Լեհաստանի կողմից օժանդակության տրամադրման և համագործակցության հարցերին: