Բերդի զինկոմ. Սահմանամերձ գյուղից տղան սահման չպիտի զորակոչվի
27/03/2013 12:35

Բերդի զինկոմ. Սահմանամերձ գյուղից տղան սահման չպիտի զորակոչվի

Զորակոչվող տղաները սահմանից սահման չպիտի գնան, այսինքն` չի կարելի, որ տղան սահմանամերձ գյուղից զորակոչվի բանակ ու ծառայի սահմանային շրջաններում: Այս մասին Տավուշի մարզի Բերդ քաղաք այցելած լրագրողներին ասաց Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանը:

«Ստեղ իրա ծնողը կրակի տակ, այնտեղ էլ` ինքը: Բա տենց ո՞նց կլինի»,- ասաց Դերենիկ Պապյանն ու ավելացրեց, որ այս հարցը սահմանամերձ այլ տարածաշրջանների զինկոմներն արդեն բարձրացրել են ՊՆ Սեյրան Օհանյանի հետ հանդիպումների ժամանակ, ինչին նախարարը դրական արձագանք է տվել.

«Նախորդ զորակոչից արդեն ունենք դեպքեր, երբ այստեղի զորակոչիկներին սահման չեն տարել: Հույս ունեմ, որ այս զորակոչին ևս կշարունակենք գնալ նման ճանապարհով»,- ասաց Դ. Պապյանը:

Մեր այցելության պահին Բերդի զինկոմիսարիատում կային նորակոչիկներ, ովքեր եկել էին բժշկական ստուգումներ անցնելու: Դերենիկ Պապյանի խոսքով` այսօր ստուգումների համար օգտագործվում է շատ լավ տեխնիկա ու ընդհանրապես այսօր ստուգումներն ավելի լավ են անցնում.

«Հենց մենք տեսնում ենք, որ զորակոչիկը թեկուզ մի փոքր խնդիր ունի, ես նրան ուղեգիր եմ գրում Երևան, որ գնա ու այնտեղ համապատասխան մասնագետի մոտ ավելի լավ ստուգվի»,- ասաց զինկոմն ու ցույց տվեց իր սեղանին դրված   5  անձնական գործերը:

Ինչ վերաբերում է  սահմանամերձ գյուղերում անընդհատ հնչող կրակոցներին, Դերենիկ Պապյանը նշեց, որ ինքն էլ ծնվել ու ապրում է սահամանամերձ Մովսես գյուղում ու շատ լավ գիտի այնտեղի իրավիճակը:

Հարցին` արդյոք գյուղերի վրա կրակելուց հետո հակառակորդը ստանո՞ւմ է համարժեք պատասխան, զինկոմն ասաց.

«Ճիշտ այդպես: Հավատացեք, որ մեկի դիմաց տասը արտահայտությունն ուղղակի բառեր չեն: Հենց կրակոցները գյուղում սկսվում են, ես զեկուցում եմ իմ վերադասին, նա էլ` իրենին ու հրաման է տրվում լռեցնել հակառակորդին: Հավատացեք հակառակորդը դրանից հետո օրերով լռում է»:

Դերենիկ Պապյանը նշեց, որ կրակոցները գյուղերի վրա ավելանում են հատկապես զինակոչի ու զորացրման ժամանակահատվածում, նաև` անկայուն ներքաղաքական իրավիճակի ժամանակ. «Բայց թույլ տվեք մի բան ասեմ: Ես պատերազմին որքանով կարողացել` մասնակցել եմ ու կռվել եմ զինվորի հետ, հիմա էլ 18 տարեկան զինվորի հետ եմ աշխատում. մեր զինվորի նմանը աշխարհում չկա: Եթե դու իրեն արժանապատվությունը չես վիրավորում, եթե նրան ուտացնում ու հագցնում ես, հավատացեք` նա իր երկրի ու սահմանի համար ամենինչի պատրաստ ա»,- ասաց Դ. Պապյանը:

Նշենք, որ լրագրողների այցը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր կազմակերպվել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի օգնությամբ:
 

Բերդի զինկոմ. Սահմանամերձ գյուղից տղան սահման չպիտի զորակոչվի