Կայացավ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի նիստը
27/03/2013 19:49

Կայացավ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի նիստը

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ կայացավ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստը, որին ներկա էին Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Նիստը վարում էր Լրագրողների համահայկական ընկերակցության համակարգող մարմնի ղեկավար Շահան Գանտահարյանը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համաժողով կազմակերպելու համար՝ նա նշեց, որ համաժողովից հետո էապես ակտիվացել է կապը հայաստանյան և Սփյուռքի մամուլի միջև, հայաստանյան մամուլն ավելի շատ է սկսել հետաքրքրվել Սփյուռքի կյանքով:

Քննարկվեցին Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի արդյունքների, առաջ քաշած խնդիրների ու ըստ առաջնահերթության` դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Նիստի մասնակիցներն անդրադարձան նաև ԶԼՄ-ներում Ղարաբաղյան շարժման և սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի արձագանքներին, 2013թ. «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացներին, ԶԼՄ-ների տարածաշրջանային առաջիկա հավաքներին հրավիրելու հարցերը:

Խոսելով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի ընթացիկ աշխատանքների մասին` Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ այժմ ուսումնասիրվել և համակարգվել են բոլոր առաջարկությունները:

Նիստին հեռակապով մասնակցեցին Ռուսաստանի «Նոև կովչեգ» մեդիայի տնօրեն և համանուն թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը, ԱՄՆ-ից` լրագրող Հակոբ Վարդիվառյանը, Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մինչև 2015թ.` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, պետք է օգտագործվեն բոլոր հնարավոր ամբիոնները, լսարանները թեմայի շուրջ լայն քննարկումներ ծավալելու համար: Այս իմաստով անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ օտարալեզու մամուլի ներկայացուցիչների հետ: Նախարարը մասնավորապես ասաց.

«Մենք` հայերս գիտենք պատմական ճշմարտությունը, իսկ օտարին իրազեկելու համար անհրաժեշտ են նյութեր իրենց հասկանալի լեզուներով»: Գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև աշխատանքը այն թուրք լրագրողների հետ, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանությունը և աշխատանք տանում Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում հարցի ճշմարտացի վերհանման ուղղությամբ:

Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև Մայրենի լեզվի անաղարտության պահպանման ուղղությամբ տարվող լեզվաքաղաքականության խնդրին և այդ ուղղությամբ լրագրողների անելիքներին:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Ա.Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը համահայկական և տեղեկատվական դաշտի ձևավորման գործում ձեռնարկած բազմաբնույթ միջոցառումների համար:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին անդրադարձավ «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հ.Սասունյանը, նա հստակեցրեց երեք գլխավոր անելիքներ` մեր առջև դրված գլխավոր նպատակը, դրա իրագործման համար կազմակերպվելիք միջոցառումները և այն միջոցները, որոնք պահանջվելու են այդ միջոցառումների իրականացման համար:

ԱՄՆ-ից` լրագրող Հակոբ Վարդիվառյանը հեռակապի միջոցով նշեց 100-ամյա տարելիցի միջոցառումներին օտարալեզու լրագրողների ներգրավման անհրաժեշտության մասին:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը «Ամառային դպրոց» ծրագիրը կյանքի կոչելու և արդյունավետ կազմակերպմանը մեծապես աջակցելու համար` ներկայացրեց դպրոցի 2013թ. ծրագիրը:

Ն.Մարտիրոսյանը նիստին ներկա Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ արեց Ամառային դպրոցի դասընթացների շրջանակներում մասնակիցների համար հանդես գալ անմիջական կամ հեռավար դասախոսությամբ:

Դիմելով Սփյուռքում գործող լրատվամիջոցների ղեկավարներին և խմբագիրներին` ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ նրանք հեղինակություններ են իրենց համայնքնեում և այս ուղղություններով աշխատանքների իրականացման գործում հայ համայնքների կողմից իրականացվող լոբբինգը կարող է մեծ արդյունքների բերել:

Նախարարն ասաց, որ այս գործում լավագույն կարգախոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ առաջինի պատգամն է. «Հիշել, հիշեցնել, պահանջել»:

Կայացավ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի նիստը