.jpg)
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը փոխշփումների նոր հարթակ է»
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանսիական համալսարանում անցկացված «Ֆրանկոֆոնիա. հնարավորություն Հայաստանի համար» համաժողովին, որին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայկական առաջատար բուհերը ներկայացնող դասախոսներ և ուսանողներ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշել է, որ լինելով Հայաստանի Հանրապետության դեսպանը Ֆրանսիայում՝ պատիվ է ունեցել առաջին քայլերը ձեռարկել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև հարաբերությունների հաստատման գործընթացում։ Հայաստանը 2006 թ.-ին դարձավ կազմակերպությունում դիտորդ, այնուհետև 2008թ.-ին՝ ասոցացված անդամ և ի վերջո 2012 թ.-ին` լիիրավ անդամ:
«Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությամբ նոր էջ է բացվել ֆրանկոֆոն աշխարհի հետ մեր հարաբերություններում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեզ համար փոխշփումների նոր հարթակ է հանդիսանում աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող ֆրանկոֆոն երկրների հետ` քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության բնագավառներում» ,- ասել է նախարարը:
Նախարար Նալբանդյանը նաև շեշտել է, որ վերջին տասնամյակի ընթացքում բազում ջանքեր են գործադրվել Հայաստանի կրթական և համալսարանական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար պայմանների ստեղծման և Հայաստանում ֆրանսախոս միջավայրի ձևավորման ուղղությամբ, և այդ ջանքերի լավագույն ապացույցներից է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը:
«Յուրաքանչյուր տարի ֆրանսերեն լեզվով հարյուրավոր մշակութային, կրթական և համալսարանական միջոցառումներ են կազմակերպվում Երևանում և Հայաստանի շրջաններում: 2013 թ. մարտի 19-ին մեկնարկած ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում նախատեսված է 410 միջոցառում, որն աննախադեպ է իր ծավալով»,-հավելել է նախարարը:
Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, 2011թ. Երևանում կայացավ Ֆրանսախոս Քաղաքապետերի Միջազգային Ընկերակցության Գլխավոր վեհաժողովը, այս տարվա հոկտեմբերին Վալանսում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը կնախանշի հետագա անելիքները և առավել կամրապնդի այդ ոլորտում գործընկերային համագործակցությունը:
«Հայաստանը իր նպաստը կբերի միջազգային ասպարեզում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հեղինակության և դերակատարության բարձրացմանը, կազմակերպության առավել ներգրավվածությանը միջազգային գործընթացներում», -ավարտելով իր ելույթը, նշել է նախարարը:
Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել նաև Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնթուան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: