.jpg)
Արոնյանը հաղթեց Իվանչուկին
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն սպիտակներով առավելության հասավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ և 6,5 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ տեղում: Առաջատարը՝ Մագնուս Կառլսենը, հաշվետու տուրում պարտության մատնեց Բորիս Գելֆանդին և այս պահին կես միավորով գերազանցում է Լևոն Արոնյանին:
Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը հետաքրքիր պայքարում սև խաղաքարերով պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Թեյմուր Ռաջաբով-Պյոտր Սվիդլեր պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Կրամնիկն իր ակտիվում 6 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Նրան 4,5-ական միավորով հաջորդում են Գելֆանդը, Գրիշչուկն ու Սվիդլերը: Իվանչուկն ու Ռաջաբովը վաստակել են 3,5-ական միավոր և եզրափակում են աղյուսակը:
Վաղը կայանալիք 11-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Պյոտր Սվիդլերն է: Գրիշչուկը կխաղա Կառլսենի, Կրամնիկը՝ Ռաջաբովի, իսկ Իվանչուկը՝ Գելֆանդի հետ: