2012 թ.-ին շինարարական ծրագրերում արձանագրվել է 987.0 մլն դրամի տնտեսում
27/03/2013 20:20

2012 թ.-ին շինարարական ծրագրերում արձանագրվել է 987.0 մլն դրամի տնտեսում

Շինարարության ոլորտում տնտեսական աճն ապահովելու և ոլորտում առկա հիմնախնդիրները քննարկելու նպատակով, այսօր կայացավ քաղաքաշինության նախարարության պատասխանատուների հանդիպումը ոլորտի ակտիվ մասնակիցների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարար Սամվել Թադևոսյանը խոսելով շինարարության ոլորտում տնտեսական աճի ապահովման անհրաժեշտության մասին` տեղեկացրել է, որ կառավարությունը տնտեսական աճն ապահովելու նպատակով պատրաստակամ է սատարել պետական ծրագրերով:

Ս. Թադևոսյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել ծավալել բաց, ազատ խոսակցություն, վերհանել գոյություն ունեցող հիմնախնդիրները և տասնօրյա ժամկետում ներկայացնել գրավոր առաջարկություններ:

«Կառավարության նիստի հանձնարարականի համաձայն առաջարկությունները կքննարկենք էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և Կենտրոնական բանկի հետ, կձևակերպենք շինարարության ոլորտին պետական աջակցության ձեւաչափը եւ դիմելով կառավարությանը` կստանանք այդ աջակցությունը»,- նշել է նախարար Թադևոսյանը:

Անդրադառնալով քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների և շինարարական աշխատանքների նկատմամբ նախարարության իրականացրած ամենօրյա օպերատիվ հսկողության, մրցույթների բաց և թափանցիկ անցկացման, մրցույթների հայտերի ներկայացման էլեկտրոնային տարբերակի կիրառման փաստերին` քաղաքաշինության նախարարը փաստել է, որ վերահսկողական մեխանիզմների շնորհիվ` 2012 թվականին իրականացված շինարարական ծրագրերի շրջանակներում արձանագրվել է 987.0 մլն ՀՀ դրամի տնտեսում:

Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը հիմնականում անդրադարձավ նախագծային կազմակերպությունների կողմից սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի եւ առավել արդիական մոտեցումների կիրառման, նախագծվող աշխատանքներում տեղական արտադրանքի կիրառման նախատեսման, շինարարական կազմակերպությունների կողմից շինարարության որակի, տեխնիկական անվտանգության, կատարման ժամկետների ապահովման, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից առավել սկզբունքային մոտեցումներով մասնագիտական ծառայությունների մատուցման, մրցույթների ընթացքում իրական գին ներկայացնելու անհրաժեշտության հիմնախնդիրներին:

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գ. Ազիզյանն առաջ է քաշել շինարարությունում նորագույն տեխնոլոգիաների կիրառման և լիցենզավորման գործընթացում խիստ պայմաններ սահմանելու խնդիրները: Համաձայնելով պարոն Ազիզյանի հետ նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Ա. Այվազյանը տեղեկացրել է, որ արդեն նախարարությունը ձեռնամուխ է եղել լիցենզավորման գործընթացի խստացմանը` շեշտը դնելով մասնագետների առկայության վրա:

Ա. Այվազյանը նշեց նաև ոլորտում մասնագետների պակասի մասին, բերելով միայն մի օրինակ, երբ մեկ անձը որպես տեխհսկիչ միաժամանակ աշխատում է 25 ընկերությունում:

«Երևաննախագիծ» ընկերության տնօրեն Ս. Օհանյանը բարձրացրել է ներդրողների, պատվիրատուների, հեղինակային խնդիրների հետ կապված հարցեր:

Հանդիպման ժամանակ կարևորվեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, նշվեց, որ այս տարի նախարարությունը ծրագրավորել է մշակել այդ համակարգի կարեւորագույն 8 նորմ:

Առհասարակ հանդիպման ընթացքում շինարարների բարձրացրած հարցերը հիմանկանում վերաբերում էին գնումների գործընթացին, մրցույթներից հետո շինանյութերի գների աճին ու դրամ-դոլար հարաբերակցության տատանմանը, որոնք անմիջականորեն ազդում են շինարարության գործընթացի վրա, ոլորտում մասնագետների խնդրին, շինարարական կազմակերպությունների ռեյթինգավորմանը, շինարարության ոլորտին արտոնյալ տրամադրման եւ տարաբնույթ այլ խնդիրների: 

2012 թ.-ին շինարարական ծրագրերում արձանագրվել է 987.0 մլն դրամի տնտեսում