ԱՄՆ-ն մերժել է Սիրիայի ընդդիմության՝  ինքնաթիռներին հարվածելու խնդրանքը
27/03/2013 20:43

ԱՄՆ-ն մերժել է Սիրիայի ընդդիմության՝ ինքնաթիռներին հարվածելու խնդրանքը

ԱՄՆ վարչակազմը մերժել է Սիրիայի ընդդիմության խնդրանքը՝ հարվածել Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և ուղղաթիռները, որոնք երկրի կառավարությունն օգտագործում է զինված ապստամբների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Մենք տեղյակ ենք այդ խնդրանքին, և այս պահին ՆԱՏՕ-ն մտադիր չէ Սիրիա զինված ուժեր մտցնել: Ես կարծում եմ, որ Թուրքիայում տեղակայված Patriot հրթիռների մարտկոցները կարող են ծառայել միայն որպես պաշտպանական միջոց, իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերը՝ սեփական տարածքի պաշտպանելու համար»,- ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քարնին:

Սիրիայի ընդդիմությունը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին նման խնդրանքով դիմել էր մի քանի օր առաջ՝  վերջինիս Մերձավոր Արևելքի կատարած այցի ժամանակ:

Օբամայի վարչակազմը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն տրամադրել: Ընդ որում, Վաշինգթոնը բազմիցս ընդգծել է, որ մտադիր չէ մոտ ապագայում վերանայել Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու հարցը:

Նշենք, որ մարտի 26-ին Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ Խատիբը, ելույթ ունենալով Արաբական պետությունների լիգայում, ասել էր, որ ընդդիմությունը ԱՄՆ-ից խնդրել է գործի դնել թուրք-սիրիական սահմանին տեղակայված Patriot ԶՀՀ-ները՝ Սիրիայի հյուսիսային շրջանները պաշտպանելու համար: Դրան անմիջապես հետևեց ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հայտարարությունը՝ համաձայն որի ՆԱՏՕ-ն մտադիր չէ ներխուժել Սիրիա:
 

ԱՄՆ-ն մերժել է Սիրիայի ընդդիմության՝ ինքնաթիռներին հարվածելու խնդրանքը