.jpg)
Ինդոնեզիայում և Մեքսիկայում Հայաստանի դեսպանատներ կբացվեն
Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» և «Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» նախագծերին:
Մեքսիկայում դեսպանություն ստեղծելու նախագհծի վերաբերյալ հիմնավորվում է, որ ամբողջ լատինաամերիկյան տարածաշրջանում Հայաստանն ունի ընդամենը երկու դեսպանություն՝ Բրազիլիայում և Արգենտինայում, վերջինս համատեղության կարգով հավատարմագրված է նաև Ուրուգվայում, Չիլիում և Պարագվայում: Դիվանագիտական ծածկույթից դուրս են Հարավային Ամերիկայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները և Կենտրոնական Ամերիկան ու Կարիբյան ավազանը՝ ամբողջությամբ: Ուստի նպատակահարմար է այս երկրամասերի համար ՀՀ տարածաշրջանային դեսպանության բացումը:
Իսկ ՀՀ դեսպանության հիմնումը Ինդոնեզիայում հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ օգտագործել երկկողմ գործակցության առկա ներուժը, այլև կապահովի Հայաստանի շահերի անմիջական ներկայացվածությունը տարածաշրջանում և կխթանի համագործակցությունը հարևանների երկրների հետ, որով այդ դիվանագիտական ներկայացուցչությունը ձեռք կբերի տարածաշրջանային նշանակություն: Դեսպանության բացումն իր նպաստը կունենա նաև գործարար կապերի աշխուժացման և առևտրաշրջանառության զարգացման հարցում: