Հյուսիսային պողոտայում մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարծքները
28/03/2013 21:13

Հյուսիսային պողոտայում մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարծքները

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետը նախ ծանոթացել է առաջիկայում Հյուսիսային պողոտայում նախատեսվող լայնածավալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների նախագծին: Ծրագրի շրջանակում, մասնավոր ներդրումներով, պողոտայի ճեմուղիների բետոնյա ծածկը ամբողջությամբ կփոխարինվի բնական քարով, մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարծքները, կնորացվեն նաև նստարաններն ու արտաքին լուսավորության ցանցը:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Շարլ Ազնավուրի հրապարակ և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածք և հետևել այդ վայրերում իրականացվող սալահատակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս աշխատանքները 2013 թվականի զարգացման ծրագրերում են ընդգրկվել քաղաքացիների առաջարկությամբ: Իսկ այս տարի, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կիրականացվի հրապարակների 5080 քմ և մայթերի 21300 քմ սալապատում, ինչպես նաև 86800 քմ մայթերի ասֆալտապատում:

Տարոն Մարգարյանը հետևել է նաև վարչական շրջանում մեկնարկած բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատաման աշխատանքների ընթացքին: Ժամանակակից խաղահրապարակներից, զրուցարաններից ու նստարաններից բացի, որոշ բակերում կկառուցվեն նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտեր:
 

Հյուսիսային պողոտայում մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարծքները