.jpg)
Չորս բուհեր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ են
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթին: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է աշխարհի հինգ մայրցամաքների շուրջ 800 համալսարաններ միավորող կառույցի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան: Նախարարը նշել է, որ անցած տարի Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը կարևոր հանգրվան հանդիսացավ ոչ միայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, այլ նաև կազմակերպությանը կից գործակալությունների հետ համագործակցության զարգացման առումով։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վանդա Դիեբոլթը բարձր է գնահատել Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար գործադրվող ջանքերը՝ նշելով, որ այսօր հայկական չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ են:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև լեզվական պակտի ստորագրումը, Հայաստանի ֆրանսիական համալսարանում Սենգորի ամբիոնի հիմնադրումը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Ակադեմիական նվաճումների կենտրոնի և Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի բացումը, որոնք հավելյալ խթան կհանդիսանան Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ծրագրերի ընդլայնման վերաբերյալ: