«Ուսուցիչները չպետք է մասնակցեն ավարտական միջոցառումների կազմակերպմանը»
29/03/2013 20:23

«Ուսուցիչները չպետք է մասնակցեն ավարտական միջոցառումների կազմակերպմանը»

Այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը:

Նկատի առնելով հանգամանքը, որ ուսումնական տարին մոտենում է ավարտին և, հատկապես ավարտական դասարաններում, սպասվում են տարաբնույթ միջոցառումներ, Տարոն Մարգարյանը ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանին և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին հանձնարարել է ծնողական կոմիտեների հետ խորհրդակցություններ անցկացնել և հորդորել, որ նմանատիպ նախաձեռնությունները իրականացնեն առանց դպրոցների տնօրեններին և ուսուցչական անձնակազմին ներգրավելու: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Քաղաքապետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ վերջերս ծնողներից բողոքներ է ստացել այն մասին, որ տնօրեններն արգելում են աշակերտներին դպրոցներում ավարտական հուշալբոմների համար լուսանկարվելու կազմակերպումը՝ այն դիտարկելով որպես դրամահավաքության փորձ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է չխոչընդոտել այդ աշխատանքներին և խորհրդակցությանը հրավիրված լուսանկարիչներին էլ հորդորել է իրենց ծառայությունների մատուցման հարցերը քննարկել բացառապես ծնողական կոմիտեների հետ, մեկ անգամ ևս ընդգծելով, որ նմանատիպ ցանկացած միջոցառման նախաձեռնում կարելի է կազմակերպել՝ բացառելով ուսուցչական կոլեկտիվի ներկայացուցիչների միջամտությունը, եթե դրանք կրթական պրոցեսին չեն առնչվում: 

 

«Ուսուցիչները չպետք է մասնակցեն ավարտական միջոցառումների կազմակերպմանը»