Հարկային եկամուտների հաշվին բյուջեի եկամուտներն աճել են
29/03/2013 16:40

Հարկային եկամուտների հաշվին բյուջեի եկամուտներն աճել են

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 30.5% ով կամ 36.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.3%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 69.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 30.5% ով կամ 34.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով:

Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած երկու ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 24.1 մլրդ դրամ:
Նշված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 20.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը:

2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 991.4 մլն դրամ: