.jpg)
«Տարեկան 850 հզր մարդ է այցելում Երևան. Հյուրանոցների կառուցումը կարևոր է»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջան, հետևել ընթացիկ տարվա շինբարեկարգման ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին:
Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ընդլայնմանը, ինչպես նաև ծառերի և թփերի պահպանմանն ու խնամքին:
Երևանի քաղաքապետն այցելել է նաև Թումանյան թաղամասում կառուցվող նոր այգու շինհրապարակ:
«Երևանցիների կողմից Ավան վարչական շրջանի հաճախ մատնացույց արվող բարեկարգ բակերի և բազմաթիվ այգի-պուրակների առատությունը, կարծիք էր ձևավորել, Ավանում էլ անելիք չկա: Բայց իրականում, ինչպես տեսնում ենք, թե բակերի բարեկարգման, և թե նոր այգիների ստեղծման մասով անելիքներ այստեղ ևս դեռ կան: Եվ ոչ միայն Ավանում, այլև բոլոր վարչական շրջաններում ենք մենք իրականացնում բակերի համալիր բարեկարգման և նոր այգի-պուրակների ստեղծման լայնածավալ աշխատանքներ, որպեսզի մի քանի տարի անց Երևանում այլևս անբարեկարգ բակ կամ պուրակ այլևս չունենանք: Եվ բոլոր նրանց, ովքեր միշտ օրինակ են բերել Ավան վարչական շրջանը, վստահեցնում եմ, որ կարճ ժամանակահատվածում ամբողջ մայրաքաղաքում կունենանք նույն պատկերը»,-նշել է քաղաքապետը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Ավան վարչական շրջանում ընթացող «Վինթոն Հոթել Երևան» հյուրանոցի կառուցման աշխատանքների ընթացքին:
«Ներկայումս տարեկան Երևան են այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ և այս առումով մեր քաղաքականությունը հստակ է. Երևանը հարամարվետ պետք է լինի թե մեր քաղաքացիների և թե մեր քաղաքի հազարավոր հյուրերի համար: Եվ այդ տեսանկյունից անշուշտ կարևոր է նաև նոր հյուրանոցների կառուցումը: Երևանում այսօր ունենք 44 հյուրանոցներ, այս տարի շահագործման կհանձնենք ևս 5-ը: Ընդ որում, այս հարցում ևս առաջնորդվել ենք Երևանի համաչափ զարգացման ապահովման դիրքերից: Արդեն հայտեր ունենք և քննարկում ենք նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավենք շահագրգիռ ներդրողների»,- նշել է Տարոն Մարգարյանը: