Վրեժ Գալստյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց
29/03/2013 16:04

Վրեժ Գալստյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց

Մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով դանակով մուտք գործած Վրեժ Գալստյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց: Այս տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՔԿՀ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

2013թ. մարտի 25-ին Վրեժ Գալստյանի նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը  Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ԱԺ-ի շենք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը մոտ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում։ 

Նրա փոխանցմամբ` այս մասին հարցաքննության ժամանակ հայտնել է Վ.Գալստյանի մայրը: Նախաքննական մարմինը համապատասխան գերատեսչությունից պահանջել է նրա հոգեկան վիճակի վերաբերյալ փաստաթղթեր։

Ս. Տռուզյանի խոսքով` նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են ականատեսները, ԱԺ մուտքի մոտ ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, Վ.Գալստյանի մայրը։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Վ. Գալստյանին զննել է հոգեբույժը և պարզել, որ նրա մոտ առկա են հոգեկան շեղումներ, և նա համապատասխան մասնագիտացված կլինիկայում բուժման կարիք ունի:

Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։

Նախորդող հրապարակում` Վրեժ Գալստյանը մոտ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում

Վրեժ Գալստյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց