.jpg)
Հայր և որդի Ալիևներ. Տարբեր հայացքներ ԼՂ հակամարտության վերաբերյալ
Balcanicaucaso.org-ը տպագրել է հետազոտող Ջորջիո Կոմայի` «Հայր և որդի Ալիևներ. տարբեր հայացքներ հակամարտության վերաբերյալ» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք այն.
«Վերջին ամիսներին մի շարք միջադեպերը սրել են լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանական կողմից հռետորաբանությունն ավելի ու ավելի հակահայկական և ռազմատենչ է դառնում, ինչպես դա ակնհայտ երևաց Սաֆարովի և գրող Աքրամ Այլիսլիի դեպքերի հետ կապված: Սակայն միշտ չէ այդպես եղել:
Ինչպես իր հոդվածում հիշեցնում է Արզու Գեյբուլաևը, Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը` Հեյդար Ալիևը, հայ լրագրողներին, ընդհանուր առմամբ, բարյացակամորեն էր ողջունում: Ահա հատված 1999 թ. հուլիսի 1-ին հայ և վրացի լրագրողների ներկայությամբ Հեյդար Ալիևի խոսքից. «Ցավոք, Խորհրդային ժամանակաշրջանում տեղի ունեցած հակամարտություները հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարություններ առաջացրեց, ինչպիսին որ նրանք չէին ունեցել ողջ պատմության ընթացքում: Մենք հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Կարծում եմ՝ կկարողանանք հակամարտության այնպիսի կարգավորման միջոց գտնել, որը կհամապատասխանի, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերին: Ես չեմ կարծում, որ Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես կոնֆլիկտային իրավիճակում են գտնվելու: Ես այդպես չեմ կարծում: Բացի այդ, պատմությունը ցույց է տալիս, որ դա անհնար է:...Այնպես որ, անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել` խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ու խաղաղության հասնելու համար»:
Հիմա մեջբերում եմ հատված ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի խոսքից. «Մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը ղարաբաղյան հակամարտության լուծումն է: Մենք շարունակում ենք մեր ջանքերը: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր դիրքերը շատ ամուր են: Մենք բանակցություններ ենք վարում և միաժամանակ ընդլայնում ենք մեր ռազմական հզորությունը: Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբերությունը շատ մեծ է. Ադրբեջանը տարեց տարի ավելի ուժեղ է դառնում, իսկ Հայաստանը թուլանում է: Մենք շարունակելու ենք Հայաստանի մեկուսացմանն ուղղված ջանքերը: Այդ քաղաքականությունն աշխատում է: Մենք տեսնում ենք դրա արդյունքները... Ցանկանում եմ ընդգծել, որ մենք մասնակցում ենք բանակցություններին: Բայց դրա հետ մեկտեղ այլ միջոցներ ևս ձեռնարկում ենք և պատրաստ ենք բոլոր մյուս տարբերակներին»:
Այսպիսով, Ալիևը չի թաքցնում այն փաստը, որն ամրապնդում է իր ռազմական հզորությունը և փորձում է մեկուսացնել Հայաստանին:
Ես երկու մեջբերում ներկայացրեցի Հեյդար և Իլհամ Ալիևների ելույթներից, որոնց միջև տասնամյակ է ընկած: Դրանք ցույց են տալիս, որ ինչ-որ բան փոխվել է: Հայր Ալիևի հեռետորաբանությունը, որդու համեմատ, զարմանալիորեն խաղաղ է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հոր և որդու մոտեցումներին, ապա իսկապես ինչ-որ բան փոխվել է»: