.jpg)
Արաբագետ.Այսօր Սիրիայում, առավել քան երբևէ, խոսքն ու գործը հակասում են իրար
Վերջին օրերին սիրիական ճգնաժամի շրջանականերում տեղի ունեցած զարգացումների շուրջ Aysor.am-ի թղթակիցը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
- Վերջին օրերը հագեցած էին սիրիական հակամարտությանն առնչվող տարաբնույթ զարգացումներով: Ի՞նչ ընդհանրական գնահատական կտաք դրանց:
- Իրավամբ, անցնող ամսվա ընթացքում Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցած զարգացումները, կարելի է ասել, որակապես նոր փուլ տեղափոխեցին ներսիրիական ճգնաժամը: Ընդհանուր գծերով, վերջին գոնե մեկ ամսվա ընթացքում աննախադեպ ակտիվություն է նկատվում այս հակամարտության բոլոր «բաղադրիչների» տեսանկյունից: Անընդհատ և պրոգրեսիվ աճի միտում է ուրվագծվում մի կողմից երկրի ներսում ընթացող զինված բախումների, ահաբեկչական գործողությունների տեսանկյունից, որոնք ուղղված էին սիրիական մի շարք բնակավայրերում պետական, ռազմական, նույնիսկ կրոնական և ուսումնական-գիտական հաստատությունների դեմ, մյուս կողմից` աննախադեպ մասշտաբի հասավ տեղեկատվական-քարոզչական, դիվանագիտական, ինչու ոչ, նաև հոգեբանական առճակատումն ինչպես Արաբական հանրապետության ներսում, այնպես էլ նրանից դուրս:
- Ինչո՞վ կբացատրեք զարգացումների նման ընթացքը:
- Բանն այն է, որ 2013 թ. հենց սկզբից առավել հաճախակի են հնչում հայտարարություններ, կոչեր սիրիական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հրամայականի վերաբերյալ. այդ մասին խոսում են երկու ճամբարներից` անգամ գոնե արտաքուստ վեր կանգնելով անզիջում նախապայմաններից: Սակայն արի ու տես, որ, ինչպես երբևէ, խոսքն ու գործը հակասում են իրար: Սա կարելի է պայմանավորել երկու հանգամանքով. կամ կողմերն իրոք պատրաստվում են խաղաղ հանգուցալուծման` յուրաքանչյուրն ամրապնդելով սեփական դիրքերը երկրի ներսում, կամ Սիրիայի դեմ արտաքին դավադրությունը պատրաստվում է թևակոխել որակապես նոր հարթություն:
- Արդյոք խոսքն արտաքին ներխուժման մասի՞ն է:
- Կարելի է կոնկրետացնել «արտաքին ներխուժում» արտահայտությունը: «Արտաքին ներխուժում» Սիրիայում զանազան միջոցներով և տարբեր դրսևորումներով իրականացվել է ճգնաժամի հենց սկզբից: Եթե ի նկատի ունեք ուղղակի արտաքին ներխուժում, ապա մինչև դրան հասնելը, դեռ սպառված չէ սիրիական վարչակարգի դեմ գործադրվող զինանոցը. նույնիսկ Արևմուտքն արդեն բացեիբաց խոսում է Բաշար Ալ-Ասադի գլխավորած վարչակարգի դեմ մարտնչող որոշ ուժերի զինելու մասին, ինչը մինչ այս, թեպետ ոչ հրապարակային, բայց բավականին ակտիվ և համակարգված կերպով իրականացվում էր տարածաշրջանային մի շարք պետությունների կողմից. այսօր արդեն այս ուղղությամբ աշխատում է անխափան գործող մի մեխանիզմ, հստակ համակարգ, ինչի մասին անկաշկանդ կերպով բարձրաձայնում են նաև արևմտյան բազմաթիվ ԶԼՄ-ներ:
- Այդ դեպքում, ինչպե՞ս կմեկնաբանեք ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ջեյմս Սթավրիդիսի հայտարարությունը, թե դաշինքն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ներգրավվել սիրիական հակամարտության կրգավորմանը:
- Թեպետ դա կազմակերպության առաջին հայտարարությունն էր նման բովանդակությամբ, այնուամենայնիվ, համոզված եմ, որ ՆԱՏՕ-ն շատ ավելի վաղուց էր պատրաստվել նման միջամտության: Սակայն կհամարձակվեմ ենթադրել, որ թե՛ դաշինքի ներկայացուցչի հայտարարությունը, թե՛ դարձյալ Ստամբուլում Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի կողմից, ոչ առանց արտաքին ճնշումների, սիրիական ժամանակավոր կառավարության ղեկավարի` ազգությամբ քուրդ ԱՄՆ քաղաքացի Ղասան Հիթուի ընտրությունը և դրան համընթաց` սիրիական ընդդիմությանը միջազգային իրավասուբյեկտություն հաղորդելու փորձերը, վերոնշյալին գումարած` նաև Հալեպի հյուսիսային Խան Ասալ բնակակավայրում քիմիական մարտագլխիկով ինքնաշեն հրթիռի կիրառումը, ավելի վաղ, սիրիական օդուժի կողմից Լիբանանի սահմանամերձ տարածքների ռմբակոծման մասին տեղեկատվությունը և այլն պետք է դիտարկել առավելապես հոգեբանական և դիվանագիտական առճակատման տրամաբանության մեջ: Բնական է, որ թվարկված անցքերի շղթային առավել ազդեցիկություն հաղորդեցին նաև Բարաք Օբամայի այցը տարածաշրջան և դրա արդյունքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակից երկրների շրջանում միաբանության մթնոլորտ ձևավորելուն միտված փորձերը: Ասել է, թե սիրիական վարչակարգի դեմ մինչ օրս կիրառված զինանոցը գործադրվեց աննախադեպ մակարդակով: Իսկ վերջին ակորդը, բնականաբար Բաշար Ալ-Ասադի, ընդգծում եմ`իրանցի թիկնապահի կողմից սպանվելու մասին տեղեկատվության տարածումն էր, որը, բնականաբար իսրայելական, նաև արևմտյան արտաքին անվտանգության ոլորտի որոշ անանուն աղբյուրների մեկնաբանություններով համեմված, լուրջ վերլուծությունների թեմա դարձավ և արդիական է մինչ այսօր:
- Ո՞րն է Ձեր ներկայացրած գործողությունների նպատակը, ինչի՞ կհանգեցնեն դրանք:
- Կարծում եմ` այսօր բոլորս ականատես ենք լինում նոր բովանդակությամբ «սառը պատերազմի»` համալրված նոր միջոցներով, տեխնոլոգիաներով ու մեխանիզմներով: Բերեմ մեկ օրինակ. իմ կողմից վերը նշված գործողություններին նախորդել էր
ընդամենը շաբաթներ առաջ ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը` Միջերկրական ծովում նավատորմ պահելու ծրագրերի մասին, նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև իրանական որոշ պաշտոնյաներ: Կամ իրանասիրիական տնտեսական հարաբերություններում, հատկապես էներգետիկ ոլորտում վերջին շրջանում ակտիվացած շփումները, իսկ ամենաթարմը` անցնող շաբաթվա ընթացքում ՀԱՀ-ում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, ձեռք բերված պայմանավորվածություններն ու հնչած հայտարարություններն, անխոս, նույնպես տեղավորվում են «սառը հակամարտության» տրամաբանության մեջ:
Իսկ նպատակն, ըստ իս, հետևյալն է. առանց ուղղակի ռազմական միջամտության տապալելով Սիրիայում գործող վարչակարգը` Արևմուտքը, Իսրայելը և մյուս տարածաշրջանային խաղացողները նպատակ ունեն տեսնել ռազմավարական առումով թուլացած և հոգեբանորեն ճնշված Իրան, որն ի վերջո կգնա զիջումների` երկրում իշխող վարչակարգը փրկելու համար, իսկ Ռուսաստանի դեպքում`նաև հասկացնել սիրիական սցենարի կիրառման հնարավորությունը Մոսկվայի դեմ: Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտան ժամանակը և զարգացումները: