Չինարիի մանկապարտեզում կրակոցների ժամանակ «Նու կաբաձի» են նայում
30/03/2013 19:58

Չինարիի մանկապարտեզում կրակոցների ժամանակ «Նու կաբաձի» են նայում

Սահմանամերձ Չինարիի մանկապարտեզը, որը 30 սան ունի, հենց ադրբեջանական դիրքերի դիմաց է: Ուղիղ գծով դիրքերից հեռավորությունը 600-650 մ կլինի:

Մեր այցելության պահին երեխաները ճաշում ու միաժամանակ իրենց սիրելի մուլտֆիլմն են նայում` «Նու Կաբաձին» (հենց այսպես է այստեղ կոչվում խորհրդային հայտնի «Ну погоди!» մուլտը):

«Կրակոց, կրակում ա~»,- միահամուռ բղավում են մի քանի երեխա ու ցած դնում գդալները: Այս անգամ, փառք Աստծո, կրակոցը պարզապես սիրելի մուլտֆիլմում էր:

Տիկին Օֆիկը, 20 տարի է՝ մանկապարտեզում դայակ է աշխատում: Չինարեցիների մեկ սերունդ արդեն մեծացրել է, հիմա էլ իրենց երեխաներին է մեծացնում.

«Ինքս էլ 4 երեխա ունեմ, այնպես որ երեխաների հետ աշխատելիս դժվարություններ չեմ ունենում»,- ասում է տիկին Օֆիկը:

Նրա խոսքով` ամենաբարդն իր գործում երեխաներին կրակոցների ժամանակ հանգստացնելն է.

«Դե մենք էլ փորձում ենք դրա լուծումը գտնել: Մանկապարտեզում մի սենյակ ունենք, երեխաները դրա անունը դրել են «մթին սենյակ»: Հենց կրակում են, իրանց տանում ենք ընդեղ մուլտֆիլմ կամ երաժշտություն ենք միացնում, որ կրակոցների ձայները չլսեն»,- պատմում է տիկին Օֆիկն ու ավելացնում, որ Չինարիում առանց որևէ կասկածի իրական հերոսներ են մեծանում:

 

Չինարիի մանկապարտեզում կրակոցների ժամանակ «Նու կաբաձի» են նայում