.jpg)
Այգեպարում վիրավորված բնակիչ. Ստեղ` իմ գյուղում կմնամ, մի բան էլ առաջ կգնամ
Հայկն այս տարվա փետրվարին սահմանամերձ Այգեպար գյուղում ադրբեջանցի դիրքապահների կողմից վիրավորված Դավիթ Գաբրիելյանի որդին է: Այն պահին, երբ մտանք Հայկենց տուն` դասերն էր սովորում: Ավարտական դասարանում է ու, ինչպես ինքն է ասում` անելու շատ բան կա:
Արդեն քանի ամիս է՝ Հայկը հստակ որոշել է` զինվորական է դառնալու. «Ավարտելու եմ ու գնամ Վազգեն Սարգսյանում սովորեմ»,- ասում է Հայկը, նկատի ունենալով Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
Հայկը քույր ունի, Երևանում է: Մայրաքաղաքում սովորում է, մանկավարժ է դառնալու: Հայկի մայրը հիշում է, որ հոր հետ պատահած դեպքից հատկապես քույրն էր շատ վախեցել. «Հա աղջիկս շատ վախեցավ: Երևանից թողեց եկավ ստեղ, որ տեսնի հերը ոնց ա: Չնայած անընդհատ ասում էի՝ վատ բան չկա, բարդ բան չկա` եկավ: Ճիշտն էլ, որ ասեմ էդ օրերին ստեղ անընդհատ կրակում էի: Ուզում էի գոնե ինքն այստեղ չլիներ…»,- պատմում է Դավիթ Գաբրիելյանի կինը:
Նա մեզ հետ անկեղծանում է՝ չի ցանկանում իր երեխաների ապագան գյուղում տեսնել.«Նախ գործ չկա, զբաղմունք չկա, ապրուստ ապահովելի հնար չկա` էլ ո՞նց մնան: Բացի այդ էլ ինչքան էլ պատմենք, խոսենք կրակոցների մասին` մեկ է, մինչև մարդ ստեղ միառժամանակ չապրի ու իր աչքով չտեսնի` չի հասկանա»,- պատմում է նա ու ավելացնում, որ իր ամուսինն, այնուամենայնիվ, դեմ է գյուղից գնալուն:
«Մյուս կողմից էլ՝ մեր տունն ա, մեր հողն ա ու մեր հայրենիքը: Գիտե՞ք ոնց ա, եթե հիմա այգեպարցին գնա, եթե հիմա գյուղը դատարկվի` վերջ: Համարեք, որ մեր հայրենիքի հյուսիսը մենք կորցնում ենք: Ու մենակ Այգեպարը չէ, մյուս բոլոր գյուղերը նույնպես` Չինարին, Մովսեսը. Ներքին Կարմիրը, ապրում ենք` տեսնենք ոնց կլինի»:
Մեր այցելության պահին Դավիթ Գաբրիելյանը տանը չէր, նրան հանդիպեցինք արդեն բակում, երբ հեռանում էինք.
«Լավ եք արել, որ եկել եք, շուտ-շուտ համեցեք»,- մեզ այս բառերով է դիմավորում Դավիթը: Հարցին` ինչպես է իրեն զգում, պատասխանում ` ամեն բան կարգին է ու մեր խնդրանքով ցույց է տալիս ձեռքը, որի մատները մինչ այսօր էլ գրեթե չի կարողանում շարժել:
«11-ի կողմերն էր, մեր այգում գործ էի անում` կրակեցին: Առաջինը հենց դաստակիս կպավ, մյուս երկուսն էլ չկարեցան կպցնեն` փախա: Ադրբեջանցու ուզածն էսօր մեկն ա` չի ուզում մենք հող մշակենք, բերք ստանանք ու ստեղ ապրենք: Մերոնք էլ, դե մեկ ա, մշակում են»,- ասում է Դավիթ Գաբրիելյանը:
Մեր հարցին` դեմ չէ՞ արդյոք Դավիթ Գաբրիելյանը, որ այսքանից հետո իր որդին զինվորական դառնա` պատասխանում է.
«Իհարկե չէ, ինքս էլ զինվորական եմ, ուղղակի հիմա տարիքիս համար ա, որ դիրքերում չեմ: Աֆղանական կռիվներին էլ մասնակցել եմ: Իրա ցանկությունն ա` թող գնա կանգնի»:
Դավիթ Գաբրիելյանը գյուղից գնալ չի պատրաստվում. «Իմ հայրենի գյուղն ա` ու՞ր գնամ: Ես ստեղ` իմ գյուղում պիտի մնամ, հլա մի բան էլ թուրքի ուղղությամբ մեր գյուղն առաջ պիտի տամ»,- ասում է այգեպարցին: