.jpg)
«Ր. Հովհաննիսյանն ու իր թիմը հասկացան իրենց արածի անարդյունավետությունը»
«Ճիշտն ասած, ես հացադուլի մեջ ոչ մի իմաստ չեմ տեսել, թեև անընդհատ ասում ենք, որ դրանով նոր մշակույթ է սկբնավորվում, խոսքը և´ հացադուլի, և´ դասադուլի, և´ նախագահ-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրական կապերի մասին է: Ես որևէ կերպ Ր. Հովհաննիսյանին չեմ հասկանում ու նրա քայլերը գնահատում եմ խիստ անարդյունավետ»,- անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի շարժման մարտավարությանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԵՊՀ դասախոս Հասմիկ Շափաղաթյանը:
Պատասխանելով հարցին, թե` ինչպե՞ս եք գնահատում մարզեր կատարելիք այցելությունները, նա նշեց. «Ես կարծում եմ՝ ինքն ու իր թիմն էլ գիտակցեցին իրենց արածի անարդյունավետությունը ու հասկացան, որ հացադուլն ինքն իրենով ոչնչի չի հանգեցնում: Փաստորեն վերջին շրջանում սառեցվել էին համահասարակական կրքերը, իսկ հիմա փորձում են այն նորից բորբոքել»:
Բանախոսի կարծիքով` Ր. Հովհաննիսյանի ջանքերը նորից ապարդյուն են լինելու, որովհետև այն մարտավարությունը, որն ընտրել է նա, «շատ-շատերի համար անհասկանալի է»:
«Հետընտրական շրջանում Ր. Հովհաննիսյանը և իր թիմակիցները որևէ քայլով չապացուցեցին, որ իրենք ունեն այնքան խարիզմա և այնքան ուժ, որ կարող են կանգնել ժողովրդի կողքին ու իրենց քվեների տերը լինել»,- հավելեց քաղաքագետը:
Պատասխանելով հարցին, թե` «Ժառանգություն» կուսակցությանը որքանո՞վ է հաջողվում պահպանել այն էլեկտորատն ու վարկանիշը, որը ձեռք է բերել նախագահական ընտրություններից հետո, Հ. Շափաղաթյանն ասաց. «Քաղաքական իրադարձությունների համատեքստում Հայաստանն ունիկալ երկիր է: Այսինքն` եթե որևէ այլ երկրում, որտեղ կան քաղաքակիրթ ժողովրդավարական նորմեր, 37 տոկոս քվեն բավականին լուրջ ցուցանիշ է, մեր երկրի պարագայում, ինչպես տեսնում ենք, այն ոչ միայն լուրջ ցոուցանիշ չի, այլև պաշտպանելու, խնամելու, փայփայելու խնդիր ունի, որը չարվեց «Ժառանգության» կողմից»:
Aysor.am-ի զրուցակիցը նաև նշեց, որ նայելով զարգացումներին, ինքը չի կարող Ր. Հովհաննիսյանին համարել «թիվ մեկ ընդդիմադիր ուժ»: Ավելին, նա այդպիսի ձևակերպումը համարեց «հավակնոտ» իսկ «Բարև դաշինքի» հաջողությունը Երևանի ավագանու ընտրություններում` խիստ կասկածելի: