.jpg)
Խարկովի ադրբեջանցի գործարարին թվում է, թե հայերն իրեն հետապնդում են
Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսի Խարկովի նահանգի տարածաշրջանային կազմակերպության նախագահ, գործարար Գուրբան Աբբասովը իր էլեկտրոնային հասցեին անանուն նամակ է ստացել և, չնայած հետաքննությունը դեռևս արդյունք չի տվել, սակայն կատարվածի մեջ նա շտապել է մեղադրել հայերին` միայն այն պատճառով, որ Կոնգրեսի Խարկովի կազմակերպության շենքը գտնվում է հայերին պատկանող ընկերության շենքի դիմաց:
Բացի այդ, չունենալով ապացույցներ, ադրբեջանցի գործարարը նաև մեղադրել է հայերին ադրբեջանական դրոշը պատռելու մեջ: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Lent.az»-ը, ինքը՝ Աբբասովը, հաստատում է, որ իրավապահ մարմինները այդ ամենում «հայկական հետք» չեն գտել:
Ավելին, ադրբեջանցի ակտիվիստը նկատել է, որ հայերն անհանգստացած են Խարկով-Բաքու չվերթի բացման կապակցությամբ, իհարկե այս հարցում ևս նա որևիցե ապացույց չի ներկայացրել: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի գործարարը նման կերպ փորձում է գովազդել իր գործունեությունը Խարկովում և այդպիսով «բարձրացնել իր գինը»՝ օգտագործելով Ադրբեջանում միշտ գերազանց աշխատող «հայկական գործոնը»: