Երկու բրոնզե մեդալ` Կատարից
02/04/2013 18:20

Երկու բրոնզե մեդալ` Կատարից

Մարտի 24-31-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել են մարմնամարզության աշխարհի գավաթի «A» խմբի միջազգային մրցումները: Հայ մարզիկները, ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, բավական հաջող են հանդես եկել: 

Մեր երկրի պատվիրակության կազմում Դոհա էին մեկնել մարզիկներ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, մարզիչներ Հակոբ Սերոբյանը և Արտյոմ Ավետյանը: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանի գնահատմամբ` այս մրցաշարում մեր բոլոր մարզիկներն էլ բավական հաջող ելույթներ են ունեցել:

Արթուր Դավթյանը, կատարելով մարզումների ընթացքում ցուցադրած վարժությունից ավելի բարդ վարժություն և հաջողությամբ հաղթահարելով այն, գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Բրոնզե մեդալ է վաստակել նաև օղակների վրա հանդես եկող Արթուր Թովմասյանը: Վահագն Դավթյանը հանդես գալով օղակների վրա, գրավել է 4-րդ տեղը, իսկ Հարություն Մերդինյանը նժույգ թափեր ձևում հանգրվանել է 5-րդ տեղում:

Կատարում աշխարհի գավաթի մրցաշարին բոլոր երկրների հավաքական թիմերը ներկայացված են եղել ուժեղագույն մարզիկներով:
Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար լավ ստուգատես էր Մոսկվայում ապրիլի 14-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

Երկու բրոնզե մեդալ` Կատարից