Պատանեկան առաջնությունն անցել է լարված պայքարում
02/04/2013 20:35

Պատանեկան առաջնությունն անցել է լարված պայքարում

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի պատանիների առաջնությունը, որին մասնակցել են 185 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանի չեմպիոններ են դարձել 46 կգ քաշային Սերգեյ Գետևոնյանը (Երևան), 48 կգ քաշային Դավիթ Ասատրյանը (Երևան), 50 կգ քաշային Հրայր Շահվերդյանը (Լոռու մարզ), 52 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը (Լոռու մարզ), 54 կգ քաշային Սպարտակ Թամարյանը (Լոռու մարզ), 57 կգ քաշային Սևակ Մկրտչյանը (Գեղարքունիքի մարզ), 60 կգ քաշային Արմեն Մխիթարյանը (Երևան), 63 կգ քաշային Յուրիկ Դարաբյանը (Երևան), 66 կգ քաշային Հովհաննես Առաքելյանը (Լոռու մարզ), 70 կգ քաշային Վարդան Քոսյանը (Երևան), 75 կգ քաշային Սերյոժա Ալոյանը (Երևան), 80 կգ քաշային Ռազմիկ Հարությունյանը (Էջմիածին) և +80 կգ քաշային Արամ Աբրահամյանը (Երևան):

Ինչպես տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Արման Հարությունյանը, առաջնության ընթացում մասնակիցները ցուցադրել են բավական դիտարժան մենամարտեր: Մասնավորապես` 46 կգ քաշային կարգում հետաքրքիր և անզիջում պայքար է ընթացել եզրափակիչ դուրս եկած Աշոտ Մխիթարյանի և Սերգեյ Գետևոնյանի միջև: Ընդամենը 1 միավորի առավելությամբ հաղթել է Ս. Գետևոնյանը և դարձել Հայաստանի պատանիների չեմպիոն: 70 կգ քաշայինների եզրափակիչ մենամարտում նույնպես հաղթող Վարդան Քոսյանը չեմպիոնի տիտղոսին արժանացել է համառ պայքարում` միավորների չնչին առավելությամբ հաղթելով Վիկտոր Յուզիխովին: Իսկ գերծանրքաշային Հրայր Շահվերդյանը, ով Եվրոպայի պատանիների ավագ տարիքի բրոնզե մեդալակիր է, բացարձակ առավելության է հասել իր մրցակցի նկատմամբ և դարձել Հայաստանի չեմպիոն:

Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը պատրաստվում է հունիսին մասնակցել Եվրոպայի, իսկ օգոստոսին` աշխարհի առաջնություններին:

Պատանեկան առաջնությունն անցել է լարված պայքարում