Ադրբեջանը տարածաշրջանում ստանձնել է հակաիրանական ֆորպոստի դերը
02/04/2013 20:12

Ադրբեջանը տարածաշրջանում ստանձնել է հակաիրանական ֆորպոստի դերը

Օրերս Բաքվում Հարավային Ադրբեջանի ազատության ազգային ճակատը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում քննարկվել են Իրանի հյուսիսային նահանգների կամ ինչպես այդ տարածքները Ադրբեջանում են անվանում Հարավային Ադրբեջանի խնդիրները:

Տվյալ քննարկումը լուրջ անհանգստությունների պատճառ է դարձել Թեհրանում. Իրանի արտգործնախարարությունը՝  միջոցառման հետ կապված, իր բողոքի նոտան էր ներկայացրել Ադրբեջանին:

Ադրբեջանի Հանրապետության Իրանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող և իրանական պետականության միասնականության դեմ ուղղված քաղաքականությունը նորություն չէ և այդ ուղենիշը ու ռազմավարությունը ակտիվանում է հատկապես 1990-ականների սկզբին` ԽՍՀՄ փլուզումից և Ադրբեջանի անկախության հռչակումից հետո:

1990-ականն թթ.-ին Բաքվում իշխանության եկավ ծայրահեղ ազգայնական, պանթուրքիստական և պանադրբեջանական գաղափարախոսություն դավանող քաղաքական ուժը` Ադրբեջանի ժողովրդական ճակատը` Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ, որոնք հանդես եկան Ադրբեջանի Հանրապետության և այսպես կոչված Հարավային Ադրբեջանի`իրանական հյուսիսային շրջանների վերամիավորման կարգախոսներով:

Բաքվի ազգայնականները երազում էին Մեծ Ադրբեջանի ստեղծման մասին, որը այնուհետև պետք է միավորվեր Թուրքիայի հետ և իրականանար պանթուրքիստների և պանթուրանիստների դարավոր երազանքը`Մեծ Թուրանը:

Հակաիրանական այդ քաղաքական գիծը վերջին տասնամյակի ընթացքում նոր շունչ է ստացել և հովանավորվում է ադրբեջանական այսօրվա իշխանությունների կողմից, որոնք երբեմն բացահայտ, իսկ երբեմն էլ քողարկված հանդես են գալիս Իրանի դեմ:

Հակաիրանական քաղաքականության տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Ադրբեջանի կողմից ռազմավարական հարաբերությունների կառուցումը Իրանի թիվ մեկ հակառակորդ Իսրայելի և գաղափարական, ռազմաքաղաքական հակառակորդ` Արևմուտքի հետ:

Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է մաս կազմել հակաիրանական այն կոալիցիայի, որը ձևավորել են Իսրայելը և ԱՄՆ-ը, որի նպատակը կայանում է Իրանի իսլամական վարչակարգի տապալման և Իրանի` Մերձավոր Արևելքում որպես լուրջ գործոնի վերացման մեջ:

Բաքուն հակաիրանական կոալիցիայի իր դերը ստանձնելով անընդհատ փորձում է տաք պահել Հարավային Իրանի արհեստածին խնդիրը և փորձում իր շուրջ ձևավորել Իրանի ազդեցությունը զսպող պատվարի կամ հակաիրանական ֆորպոստի դեր`շահելով դրանով Արևմուտքի համակրանքը և որպես փոխհատուցում ակնկալելով արևմտյան մայրաքաղաքների աչքակապությունը Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, հակահայկական քաղաքականության և ալիևյան կլանի գործունեության վրա:

Արևմուտքը նպատակ ունենալով չեզոքացնել Իրանի` Մերձավոր և Միջին Արևելքում ուժային կենտրոնի ձևավորման փորձերը, Իրանի սահմանների երկայնքով ցանկանում է ձևավորել հակաիրանական քաղաքականություն վարող երկրների շարք`անակոնդայի սկզբունքի (принцип анаконды), ռազմավարության շրջանակներում:

Արևմուտքը Իրանի սահմանների երկայնքով ձևավորում է թեժ օջախներ` Իրաք, Աֆղանստան, անկայուն Պակիստան, ինչպես նաև լարում է հարաբերությունները Թեհրանի և Պարսից ծոցի արաբական երկրների հետ, որոնց տարածքներում ԱՄՆ-ն տեղակայել է իր ռազմակայանները:

Հյուսիսում Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ է պահպանում Հայաստանը, որը Իրանի հետ իրականացնում է ռազմավարական բազմաթիվ ծրագրեր` էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում ու չի միանում հակաիրանական կոալիցիային:

Մնում է օգտագործել Ադրբեջանը, որը դեմ չէ դառնալու հակաիրանական ֆորպոստ, դրա դիմաց հետագայում ակնկալելով որոշակի դիվիդենտներ:

Այսպես, Արևմուտքը ցանկանում է թուլացնել իրանական պետականությունը`հրահրելով անջատողականություն էթնիկ-կրոնական հողի վրա ու ցանկանում հասնել Իրանի բալկանիզացման `երկրի տարածքում մի քանի փորք երկրների կամ միավորումների ձևավորմամբ:

Պետք է նշել, որ կազմաքանդված Իրանի քաղաքական քարտեզները բազմաթիվ անգամ հայտնվել են համացանցում:

Այդ քարտեզներում Իրանի հյուսիսային շրջանները միավորված են այսպես կոչված Մեծ`Հարավային և Հյուսիսային Ադրբեջանների մեջ և Բաքուն սպասում է պատերազմական գործողությունների կամ ֆորս-մաժորային իրավիճակներում իրանական տարածքներից մաս կտրելու իր շանսին:

Ադրբեջանում վերջին շրջանում բազմաթիվ ցույցեր և երթեր են տեղի ունեցել, որտեղ հնչել են հակաիրանական կոչեր, վիրավորանքներ իրանական բարձրագույն իշխանությունների հասցեին, իսկ Ադրբեջանի պես տոտալ կառավարվող և վերահսկվող երկրում այդպիսի ցույցերը արտոնվում են իշխանությունների և հատուկ ծառայությունների կողմից ու ինքնաբուխ չեն:

Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանում ստեղծվելու է BA TV(Միավորված Ադրբեջան) հեռուստաընկերությունը, որի ղեկավարումը ստանձնելու է Էլչիբեյի մերձավորներից մեկը:

Ենի Մուսավաթ թերթի տեղեկություններով, հեռուստաընկերության ղեկավարությունը չի հերքում, որ հեռուստաընկերությունը կրելու է հակաիրանական ուղղվածություն:

Այսպիսով, Ադրբեջանը ցանկանում է Իրանի պետականության թուլացման կամ այլ օտար ուժերի կողմից տվյալ պետության քայքայման, տրոհման պայմաններում մեծացնել իր սահմանները Իրանի հյուսիսային շրջանների հաշվին, ինչի շնորհիվ Ադրբեջանը աքցանների մեջ կներառի Հայաստանը և Արցախը հարավից, կկտրի Հայաստանի կյանքի ճանապարհը, այլընտրանքային կոմունիկացիաները, որոնք անցնում են Իրանի տարածքով ու կմիավորվի Իրանի հյուսիսով մեծ եղբայր և ռազմաքաղաքական դաշնակից` Թուրքիայի հետ:

Ադրբեջանը տարածաշրջանում ստանձնել է հակաիրանական ֆորպոստի դերը