.jpg)
Բնակչության 90%-ը հետաքրքրված չէ ընտրացուցակների ճշգրտությամբ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հ/կ-ի ղեկավար Ռուբեն Սարգսյանը, ծրագրի սոցիոլոգ Լիանա Բալյանը և ծրագրի հարցերով փորձագետ Ալեքսեյ Պետրոսյանը լրագրողներին ներկայացրեցին 2012 թ. դեկտեմբերից սկսած «ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրողների ցուցակների բարելավում» հետազոտության արդյունքները:
Նշենք, որ այդ հետազոտության նպատակն է եղել հարցումների միջոցով պարզել բնակիչների իրազեկության մակարդակը ընտրողների ցուցակների վերաբերյալ, ինչպես նաև հայտնաբերել անճշտություններ ընտրողների ցուցակներում:
Հարցումներն իրականացվել են ինչպես մարզերում, այնպես էլ` մայրաքաղաքում և դրան մասնակցել է 1300 մարդ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվողների 6,8%-ի տվյալները ցուցակներում տեղ են գտել անճշտություններով: Հարցվածների 1,5 %-ի դեպքում ընտրողի անունը եղել է, իսկ ընտրողների ցուցակում տվյալ հասցեով իր տվյալները նշված չեն եղել: 5,3 %-ի դեպքում ընտրողների ցուցակի տվյալ հասցեում եղել են տվյալներ, որոնք, սակայն, չեն համապատասխանել իրականությանը:
Հետաքրքիր է, որ հարցվողների 90%-ը ընդհանրապես հետաքրքրված չէր ընտրացուցակների տվյալները ճշտելու խնդրով:
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ: