.jpg)
«Ոչ իշխանական ուժերը հնարավորություն կունենան քաղաքում իշխանությունը փոխել»
«Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական են այնքանով, որքանով մասնակցում են կուսակցությունները»,- պատասխանելով հարցին, թե` որքանո՞վ կարելի է ավագանու ընտրությունները համարել քաղաքական, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ավագանու ընտրությունները քաղաքական դառնում են նաև այլ հանգամանքների առկայությամբ, բայց կուսակցությունների մասնակցությունն ամենակարևոր ու առաջնային հանգամանքն է:
Անդրադառնալով այն տեսակետին, որ ընդդիմությունն ավագանու ընտրություններում հաղթանակ տանելով կարող է հակակշիռ լինել իշխանություններին, նախկին քաղաքապետը նշեց. «Այդ ամենի մեջ տրամաբանություն կա և իրականում էլ կարող է դա լինել, բայց գուշակություններ չանենք: Իրականում բոլորն էլ, ովքեր մասնակցում են, ակնկալիք ունեն հաղթելու և եթե հաղթանակի ընթացքում այդ տրամաբանությունն աշխատի, պարզ է, որ ոչ իշխանական ուժերը հնարավորություն կունենան քաղաքում իշխանությունը փոխել»:
Հարցին, թե` ինչպիսի՞ն են ավագանու ազդեցության տարածման մեխանիզմները, այն արդյոք կարողանալո՞ւ է ազդել իշխանությունների որոշումների վրա, Վ. Խաչատրյանն արձագանքեց. «Ամեն ինչ շատ հստակ է ու շատ պարզ: Եթե ընդդիմությունն ավագանիում իշխանություն է ունենում, այդ մեխանիզմներն օգտագործում է: Ես այդ ամեն ինչը շատ հստակ պատկերացնում եմ»: