«Մենք ունենք մոդելներ, որոնցով կարելի է խնդիրներն ավելի արդյունավետ լուծել»
03/04/2013 20:58

«Մենք ունենք մոդելներ, որոնցով կարելի է խնդիրներն ավելի արդյունավետ լուծել»

«Խնդիրները նրանք են, որոնք, որպես Երևանի բնակիչ բոլորս տեսնում ենք: Նոր խնդիրների բացահայտում չենք արել: Բայց առաջնային խնդիր մենք համարում ենք Երևանի` որպես տեղական ինքնակառավարում, կառավարման խնդիրը: Այդ խնդրի պատճառով է, որ մնացած խնդիրները, որոնք վերաբերում են բնակիչներին` կոմունալ խնդիրներ, խմելու ջուր, որոշ հատվածներում ոռոգման ջրի հարց, վերելակների խնդիր, փողոցների լուսավորություն և այլն, լուծումներ չեն ստանում: Այս խնդիրները բոլորին հայտնի են»,- անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ, ավագանու ընտրություններում այդ կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը:

«Մենք չենք գալիս ասելու՝ գիտեք ի՞նչ, քաղաքում այսքան խնդիրներ կան. մենք ընդամենը ունենք մոդելներ, որոնց միջոցով կարելի է առավել արդյունավետ լուծել այդ խնդիրները»,- հավելեց զրուցակիցը:

Հարցին, թե կառավարման մոդելի փոփոխության միջոցո՞վ եք փորձելու լուծել դրանք, Մ. Առաքելյանը պատասխանեց. «Ոչ միայն կառավարման մոդել փոխելու, այլև՝ այսօրվա կառավարումն առավել արդյունավետ դարձնելու: Ցանկացած խնդրի լուծում, մասնավորապես ՏԻՄ մակարդակում, հիմնականում առնչվում են ֆինանսների հետ»:

Նրա խոսքերով` այսօր Երևանն իր պոտենցիալով մի քանի անգամ ավելի մեծ բյուջետային եկամուտներ կարող է ունենալ. «Երևանի բյուջեն այս տարվա համար ընդամենը 66 միլիարդ է, բայց նույնիսկ այդ 66 միլիարդն է քիչ: Դրանից ընդամենը 10 միլիարդն է հավաքագրվում Երևանի ՏԻՄ գործառույթների ընթացքում: Մնացածը պետբյուջեից հատկացված գումարներ են»:

Մ. Առաքելյանը նշեց, որ իրենք նախատեսում են տրանսպորտային համակարգի գործունեությունը դարձնել բացառապես համայնքային և այդ ոորտի համակարգումն իրականացնել բացառապես քաղաքապետարանի կողմից: Զրուցակցի խոսքով` mասնավոր ընկերություններին տրված լիցենզիաների ընթացքում նրանք տարեկան ունենում են մոտավորապես 6-7 մլրդ շահույթ, ինչը կարող է բավականին լուրջ փոփոխություն մտցնել Երևանի բյուջեի կառուցվածքում:

Անդրադառնալով տրանսպորտի գործունեությունը համայնքային դարձնելու խնդրին` Մ. Առաքելյանը նշեց. «Անկախ ամեն ինչից, ուղևորափոխադրումների լիցենզիա մասնավոր ընկերություններին տրվում է օրենքի շրջանակներում, որը, սակայն, գտնվում է որոշակի ժամկետներում: Դրանք անժամկետ չեն: Օրենքի սահմաններում հնարավոր է գտնել համակարգային լուծումներ»:

«Մենք չենք ասի` վերցրեք մի քանի հարյուր կամ մի քանի հազար միկրոավտոբուսներն ու գնացեք, ինչ ուզում եք արեք: Մենք ուզում ենք, որ այդ վարորդները շարունակեն, դառնան քաղաքապետարանի աշխատող»,- եզրափակեց նա:
 

«Մենք ունենք մոդելներ, որոնցով կարելի է խնդիրներն ավելի արդյունավետ լուծել»