.jpg)
Զրույց «Zerkalo.az»-ի խմբագրի հետ. Սաֆարովի, օդակայանի ու Վանյանի մասին
Երեկ մի խումբ հայ լրագրողների ու ադրբեջանցի լրագրող, «Զերկոլո» թերթի խմբագիր Նիջաթ Մելիքովի միջև տեղի ունեցավ տեսակամուրջ-քննարկում: Քննարկմանը մասնակցող լրագրողների մի մասը վերջերս էր վերադարձել Հայաստանի սահմանամերձ գյուղերից ու իր աչքով էր տեսել, թե ինչն է կոչվում սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը:
Նշենք, որ լրագրողներից բացի՝ հայկական կողմից քննարկմանը մասնակցում էր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նիջաթ Մելիքովն իր խոսքում, նշեց, որ Ադրբեջանը ևս հետաքրքրված է սահմանային միջադեպերով ու հատկապես` դրանց կանխմամբ: Ի պատասխան սրա՝ լրագրողները նկատեցին` հետաքրքրվա՞ծ է` այդ դեպքում ինչո՞ւ է անընդհատ հրաժարվում սահմանային միջադեպերի հետախուզման մեխանիզմների ստեղծումից:
«Իհարկե, ցանկանում ենք, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ եք դուք հասկանում ասելով Ադրբեջան,- հարցին արձագանքեց Մելիքովը,- Նկատի ունեք ադրբեջանական իշխանություննե՞րը: Այո՞, ուրեմն դա արդեն հարց է Ադրբեջանի իշխանություններին և ոչ թե ինձ` Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և անկախ ԶԼՄ ներկայացուցչի:
Դուք ասում եք, որ Ադրբեջանը հրաժարվում է, բայց Հայաստանն էլ շատ այլ մեխանիզմներից է հրաժարվում»,- ասաց Նիջաթ Մելիքովը, իսկ ադրբեջանական կողմի մյուս բանախոս, տեղական IWPR կազմակերպության ներկայացուցիչ Շահին Ռզաևն էլ ավելացրեց, որ Հայաստանն, օրինակ, հրաժարվում է 1915թ.-ի դեպքերն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումից:
«Սա բոլորովին այլ կոնֆլիկտ է, մենք հիմա Արցախի ու մեր հարաբերությունների մասին ենք խոսում»,- ադրբեջանական բանախոսներին հիշեցրեցին լրագրողները, որից հետո քննարկումը շարունակվեց:
Կողմերն անդրադարձան նաև երկու երկրներում ձևավորված կարծրատիպերին: Նիջաթ Մելիքովն իր անձնական փորձից մի պատմություն պատմեց. «Տեսեք, ես Գեորգի Վանյանի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ ու երբ «Սկայպով» գործնական խոսակցություն եմ ունենում նրա հետ, իմ փոքրիկ աղջիկը միանգամից վազում է մոր մոտ ու ասում` մամ, հայրս հայի հետ է խոսում, մայրն էլ պատասխանում է` ոչինչ աղջիկս, նա լավ հայ է»:
Խոսվեց նաև հակամարտող կողմերի միջև վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձություններից:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ անձամբ իր համար փոխզիջում բառն ադրբեջանցիների հետ հարաբերություններում մի տեսակ վերացավ, երբ տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան ու այնտեղ նրա հերոսացումը:
Ի պատասխան սրա՝ Նիջաթ Մելիքովը բավականին երկար պատմեց, թե որքան ոչ միանշանակ է այս իրադարձությունն ընդունվել Ադրբեջանում, թե որքան վեճեր ու անհամաձայնություններ են եղել: Պատմեց, որ վեճեր էին ծավալվում ոչ միայն մամուլի էջերում, այլև՝ անձնական տիրույթում, երբ այս հարցի շուրջ կարող էին վիճել անգամ ամենամոտ ընկերները.
«Դե, իսկ անձամբ ինձ համար` Ռամիլ Սաֆարովը, այո` հերոս չէ, բայց չեմ էլ կարծում, որ նա պետք է արտաքսվի, մեկուսացվի և այլն: Այնտեղ ոչ միանշանակ շատ բաներ կան ինձ համար: Միգուցե, սպանության տեղում այլ հանգամանքներ են եղել»,- ասաց Մելիքովը:
Երկար լսելով ադրբեջանական հասարակության ժողովրդավարական ակունքների ու հասարակությունում Ռամիլ Սաֆարովի հարցի շուրջ տարակարծության մասին, Aysor.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե այս պարագայում ի՞նչ կարծիքներ կան Ադրբեջանում Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված, ի պատասխան Նիջաթ Մելիքովն ասաց, որ դեռ չի լսել որևէ տեսակետ, որում դրական երանգ կլիներ.
«Ասեմ այսպես, օդանավակայանի գործարկմանը դրական չեն վերաբերում ու այստեղ կան մի շարք պատճառներ: Ես մեր հասարակությունում դեռևս չեմ լսել այն ուժերին, որոնք կողմ լինեն այդ օդանավակայանի գործարկմանը: Չեմ լսել անգամ եզակի դրական կարծիքներ: Գիտեք մեզ մոտ չեն կարծում, որ այս օդանավակայանի գործարկումն ինչ-որ կերպ կօգնի կոնֆլիկտի լուծմանը: Այնպես որ, այս հարցում կարծիքները միանշանակ բացասական են»,- ասաց Նիջաթ Մելիքովն, իսկ IWPR-ի ադրբեջանցի ներկայացուցիչ Շահին Ռզաևն էլ ավելացրեց, որ ադրբեջանական հասարակությունում տարակարծությունների առիթ է տալիս միայն մի հարց.
«Այդ հարցը Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների կասեցման հարցն է: Մարդկանց մոտ տարակարծություն կա միայն այստեղ` պայթեցնել հենց ինքնաթի՞ռը, թե՞ միանգամից ամբողջ օդանավակայանը… »:
Նշենք, որ այս տեսակամուրջն, ինչպես նաև 12 հայ լրագրողների այցը սահմանամերձ գյուղեր կազմակերպել էր IWPR-ի հայաստանյան գրասենյակը: