Ս. Գիմիշյան. Ապրիլի 9-ին իրավիճակի փոփոխությունը չի բացառվում
03/04/2013 21:32

Ս. Գիմիշյան. Ապրիլի 9-ին իրավիճակի փոփոխությունը չի բացառվում

Ներքաղաքական զարգացումների և ապրիլի 9-ին սպասվող իրադարձությունների շուրջ Aysor.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ:

- Պարոն Գիմիշյան, ի՞նչ եք կարծում, ապրիլի 9-ին, հաշվի առնելով նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողությունն ու ընդդիմության` սպասվող ակցիաները, հնարավո՞ր է երկրում իրավիճակի փոփոխություն տեղի ունենա:

- Չեմ բացառում: Իսկ փոփոխությունը ես տեսնում եմ դեպի դրականը: Հնարավոր է՝ լինեն զարգացումներ, որոնք բերեն քաղաքական իրավիճակի փոփոխության` ի շահ երկրի ու ժողովրդի:

- Դուք դա ավելի շատ պատկերացնում եք կողմերի միջև փոխհամաձայնությա՞ն միջոցով:

- Փոխհամաձայնության, իսկ եթե ոչ, չեմ բացառում, որ ժողովրդի ճնշմամբ էլ ինչ-որ բան լինի: Լավ կլինի փոխհամաձայնությամբ տեղի ունենա` առանց ներքին իրավիճակն ապակայունացնող ավելորդ պրոբլեմների: Բայց ամեն ինչ հնարավոր է:

Գիտե՞ք ինչ, մենք հինգ տարին մեկ նախագահական ընտրություններ ենք անցկացնում և ոչ մի քայլ առաջ չենք շարժվում: Հերթականությամբ ընտրությունները կեղծվում են, ժողովուրդը ոտքի է կանգնում, քաղաքական գործիչները չեն կարողնում այնպես կազմակերպել շարժումները, որպեսզի գոնե քայլ առ քայլ երկիրն առաջ շարժվի ու սա կուտակվում է: Մի օր ժողովուրդը կդադարի նայել քաղաքական գործիչներին և ինքը կլուծի իր խնդիրները: Աստված չանի այսպիսի սոցիալական բունտ կամ այլ ծայրահեղական դրսևորումներ լինեն:

- Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության գորոծողությունների ընթացքը:

- Կցանկանայի ավելի լավ լիներ: Միշտ էլ հնարավոր է ավելի լավ գործել: Ես հենց այնպես, հերթապահ բառեր չեմ ասում: Կարելի էր ավելի լավ, ավելի մոբիլ, հասարակության համար ավելի հասկանալի ճանապարհով գնալ:

- Հիմնական խնդիրը ո՞րն եք համարում:

- Սա իմ կարծիքն է, ես չեմ որոշումներ ընդունում, ժողովուրդը «Ժառանգություն» կուսակցությանն ու Րաֆֆի հովհաննիսյանին է ձայն տվել, իրենք էլ պետք է որոշեն: Բայց ես տարածքներում կառույցներ կստեղծեի, այսպես ասած, զորակոչ կանեի, թիմ կձևավորեի քաղաք առ քաղաք, համայնք առ համայնք, տեղերում կորիզներ կձևավորեի, որոնց շուրջ կհամախմբվեր յուրաքանչյուր համայնքի բնակչույունը: Եվ դա կլիներ իմ պոտենցիալը, դա իշխանությունների վրա ճնշման մեխանիզմ կլիներ:

- Բայց, այդուհանդերձ, համարում եք, որ հնարավո՞ր է իշխանությունների կողմից զիջումներ լինեն:

- Եթե իշխանությունը չի ուզում, որ և´ իր, և´ երկրի համար ամեն ինչ շատ վատ ավարտվի… Վերջիվերջո, մենք ելնում ենք երկրի շահերից, իշխանության այս մենաշնորհը` «ամբողջը ինձ, ոչ մի բան ոչ մեկին», ի վերջո բերելու է նրան, որ ժողովուրդը մի լուծում գտնի: Այսպես շարունակելն անհնարին է:
 

Ս. Գիմիշյան. Ապրիլի 9-ին իրավիճակի փոփոխությունը չի բացառվում