«Խաբեբա» ՋՕԸ-երին կառավարությունը դարձյալ ֆինանսապես կօգնի
03/04/2013 19:58

«Խաբեբա» ՋՕԸ-երին կառավարությունը դարձյալ ֆինանսապես կօգնի

Վաղը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 2013 թվականին ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները հաստատելու մասին որոշման նախագիծ:

Կառավարությունը «Արտաշատ» ՋՕԸ-ին հատկացնելու է 193,532.0, «Արարատ» ՋՕԸ-ին 365,000.0, «Ազատ» ՋՕԸ-ին 204,200.0, «Վեդի» ՋՕԸ-ին 120,000.0, «Մասիս» ՋՕԸ-ին 57,000.0, «Մուսալեռ» ՋՕԸ-ին 160,800.0, «Վաղարշապատ» ՋՕԸ-ին 123,500.0, «Ակնալիճ» ՋՕԸ-ին 115,000.0, «Խոյ» ՋՕԸ-ին 352,100.0, «Երևան» ՋՕԸ-ին 138,900.0, «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ-ին 129,000.0, «Գառնի-Գեղարդ» ՋՕԸ-ին 22,800.0, «Հրազդան-Ջուր» ՋՕԸ-ին 10,000.0, «Նաիրի» ՋՕԸ-ին 32,600.0, «Եղվարդ» ՋՕԸ 13,400.0, «Փարպի» ՋՕԸ 10,000.0 և այսպես 42 ՋՕԸ-երին ընդամենը 3,934,432.0 դրամ:

Նշենք, որ 2012թ-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում և բացահայտել բազմաթիվ խախտումներ:

Ստուգված բոլոր ընկերություններում առկա չեն եղել ոռոգման ջրի մատակարարումների չափաքանակների որոշման վերաբերյալ իրավական ակտերը, ներքին կանոնակարգերը և ջրաչափական սարքերը, այսինքն` մատակարարված ջրի չափաքանակի հաշվարկման մեխանիզմը բացակայել է:

Այդ ընկերությունները դեբիտորական պարտքերի դուրսգրումներն իրականացրել են կամայական սկզբունքով` առանց հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակման և իրավական հիմքերի: Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել նաև մատակարարված ջրի դիմաց հասանելիք վարձավճարների և անդամավճարների գանձման ուղղությամբ: Օրինակ, «Մասիս», «Մուսալեռ» և «Նաիրի» ընկերություններն իրենց 2010 և 2011 թվականների ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կատարված ծախսերի ծավալը ներկայացրել են մի քանի միլիոն դրամով ավելի, իսկ եկամուտները՝ մի քանի միլիոնով պակաս. Այս պատկերը նույն է ստուգված 4 ՋՕԸ-երում:

Խիստ նկատողություն էր հայտարարվել «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին, նաև գործադիր տնօրենի հրամանով խիստ նկատողություն են հայտարարվել ընկերության գլխավոր ճարտարագետին, շահագործման և վերանորոգման, ինչպես նաև ջրօգտագործման բաժինների պետերին:

«Մուսալեռ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի կողմից ևս նկատողություն է հայտարարվել ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին: «Մուսալեռ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով նկատողություն է հայտարարվել ջրի հաշվառման պատասխանատուին: Նմանատիպ պատժամիջոցներ են կիրառվել նաև «Նաիրի» և «Աշտարակ» ՋՕԸ-ներում:

Նշենք, որ 38 ՋՕԸ-երում ստուգումներ լինելու են, սակայն զարմանալին այն է, որ ակնհայտ չարաշահումներով զբաղված ՋՕԸ-երին կառավարությունը դարձյալ գումարներ է փոխանցելու հարկատուների հաշվին, որոնց ՋՕԸ-երը խաբում են:
 

«Խաբեբա» ՋՕԸ-երին կառավարությունը դարձյալ ֆինանսապես կօգնի